Բավ է պառակտվել
10-07-2014 14:01

Իշխանությունները քաղհասարակությունից սկսել են վախենալ. Ա. Արզումանյան

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «Մայիսից սկսած ավանդաբար թեժ աշուն ենք սպասում… տեսնենք»:
Պատգամավորն իր հույսերը կապում է քաղաքացիական հասարակության հետ և ոչ թե քաղաքական դաշտի, որն աղճատված է: Եվ իշխանությունները այսօր լավ գիտակցում են, ըստ նրա, որ քաղաքացիական սեկտորը լուրջ հաջողություններ է սկսել արձանագրել, այդ իսկ պատճառով ավելի շատ վախեցած է քաղհասարակությունից, քան քաղաքական կուսակցություններից:

«Դժգոհություններն այնքան շատ ու մեծ են, բայց թերևս կոորդինացված բողոք չկա: Հուսանք, որ աշնանը ի վերջո կկարողանանք ավելի լայն ֆորմատով հանդես գալ, ինչին առ այսօր խանգարում են քաղաքական խանդի դրսևորումները»,- նշեց նա:
Իսկ ինչ վերաբերում է քառյակի պահանջներին՝ Արզումանյանն ասաց, որ իր համար անընդունելի է, երբ ընդդիմադիր բառը հանվում է քաղաքական դաշտից և դրա փոխարեն ինչ-որ լղոզված իշխանական-ոչ իշխանական ձևակերպումներ են առաջ քաշվում:

Այդուհանդերձ նա այն կարծիքին է, որ առանց ամբողջական իշխանափոխության հաջողության հասնել հնարավոր չէ: Իսկ ահա հարցին, թե որքանով է տեսնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը քառյակի հետ և նրա վերադարձի հավանականությունը` ասաց. «Ինքը` Ռ.Քոչարյանը շատ լավ կանխատեսել էր իր կարգավիճակը` երիտասարդ թոշակառու, առավել ևս, որ իր պաշտոնավարման տասը տարիներին լավ վաստակել է այդ թոշակը: Չեմ կարծում, թե նա անելիք կամ ասելիք ունի և որ մեր հանրության հիշողությունն այնքան կարճ է»:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորին բանախոսը հերթական անգամ հիշեցրեց, որ ՀՀՇ-ն Հայաստանը տեսնում է եվրոպական երկրների ընտանիքում և կտրականապես դեմ է Մաքսային միությանը կամ ԵՏՄ-ին: