Բավ է պառակտվել
17-10-2020 15:42

«Կոմերսանտի» աղբյուրները պատմել են, թե ինչպես է Թուրքիան հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու համար

Ռուսական «Կոմերսանտի» ռազմական-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը պլանավորվել և հրահրվել է Թուրքիայի կողմից: Ըստ նրանց, անցած ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սանձազերծել համապարփակ քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության խոստման ներքո: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական միջամտության մասին խոսել են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանությունները:

Ըստ «Կոմերսանտի» ռազմա-դիվանագիտական ​աղբյուրների՝ պատկերը հետևյալն է. հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանի տարածքում է իբր մնացել Թուրքիայի զինված ուժերի մի զգալի խումբ, որը կոչված էր համակարգող և ուղղորդող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում:

Խոսքը 600 զինծառայողի մասին է, ներառյալ 200 հոգուց բաղկացած գումարտակային տակտիկական խումբը, 50 հրահանգիչ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում (նրանք ապահովում էին բրիգադա-կորպուս-գլխավոր շտաբ շղթայի կապը ռազմական գործողությունների իրականացման գործում); 120 հոգի թռիչքային անձնակազմ Գաբալայի ավիաբազայում; անօդաչու թռչող սարքերի 20 օպերատոր Դալյարի օդանավակայանում, 50 հրահանգիչ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ 4-րդ բանակային կորպուսում (Պիրեկեշկյուլ) և 20 մարդ ռազմածովային բազայում և Բաքվի Հեյդար Ալիևի անվան ռազմական դպրոցում: Այս խմբում ենթադրաբար ընդգրկված էին հետևակի 18 մարտական մեքենա, մեկ բազմակի արձակման հրթիռային համակարգ, տաս միավոր ավտետեխնիկա և մինչև 34 միավոր ավիատեխնիկա (այդ թվում՝ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի տարածքում, այնպես էլ Հայաստանում:

Դատելով «Կոմերսանտին» տրամադրված տվյալներից, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կտրուկ աճել է Թուրքիայի ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքներթիվը դեպի Ադրբեջան (հիմնականում տարանցիկ՝ Վրաստանի տարածքով): Մասնավորապես, մարդկանց և զինամթերքի տեղափոխումն, իբր, իրականացվել է սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին՝ CN-235 ինքնաթիռով, սեպտեմբերի 25-ին ՝ A400M ինքնաթիռով:

Սեպտեմբերի 28-30-ին, ռազմական գործողությունների շրջանում, ի լրումն նախկինում ժամանած ռազմական խորհրդականների, Ադրբեջան են ժամանել ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում իրականացնում էին ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարումը:

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին դեղորայքի և հրաձգային զենքի մատակարարումն, ըստ նրանց, իրականացվել է CN-235 ինքնաթիռներով էթիմեսգուտ (Անկարա) -Նասոսնայա (Հաջի-Զեյնալաբդին) երթուղով:

Անձնակազմի և զինամթերքի տեղափոխում է, իբր, իրականացվել նաև հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով (TUAF737 չվերթ):

«Կոմերսանտի» զրուցակիցներն ասում են, որ հոկտեմբերի 9-ին Ամման-Բաքու երթուղով՝ տարանցիկ Վրաստանի տարածքով ադրբեջանական ռազմատրանսպորտային Il-76TD ինքնաթիռով (չվերթ AZAF002) տեղափոխվել է 200 ДШК գնդացիր զինամթերքով:

Ավելի վաղ, հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին Թուրքիան Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ կատարելու խնդրանքներ է ուղարկել: «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ թույլտվությունները ստացվել են:

Բացի այդ, «Կոմերսանտի» զրուցակիցները հայտնում են, որ Թուրքիայի ներկայացուցիչները վարձկաններ են հավաքագրում Սիրիայում և Լիբիայում կռվող Անկարայի նկատմամբ լոյալ իսլամիստական ​խմբավորումներից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ըստ նրանց՝ վարձկանների մատակարարման լոգիստիկ շղթաների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը՝ պաշտպանության նախարարության ուժերի ու միջոցների աջակցությամբ:

Ըստ «Կոմերսանտի» զրուցակիցների, հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում են տեղակայվել մինչև 1,3 հազար սիրիացի զինյալ և լիբիական վարձկանների առնվազն մեկ խումբ՝ 150 մարդ թվաքանակով։ Առաջինները, ենթադրաբար, տեղակայված էին հիմնականում Թերթերի ուղղությամբ՝ Բայանդուր և Ղափանլի շրջաններում (համապատասխանաբար Թերթերից 5 և 10 կմ հարավ-արևելք), իսկ երկրորդները՝ Ջեբրաիլի ուղղությամբ՝ Քարվենդի շրջանում (Բաքվից 250 կմ արևմուտք):

Հաղորդվում է, որ սիրիացի զինյալների հավաքագրումն իրականացվում է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող Անկարայի կողմից վերահսկվող տարածքներում SADAT մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների կողմից՝ Սիրիայի ազգային բանակի (SNA) դաշտային հրամանատարների օգնությամբ: Ենթադրաբար հավաքագրման հիմնական կենտրոնները գործում են Աֆրին, Ալ-Բաբ, Ռաս ալ-Աին և Թել Աբյադ քաղաքներում: Նորակոչիկների հավաքը կազմակերպվում է Աֆրինում, որտեղից էլ թուրքական տրանսպորտային ընկերությունների օգնությամբ նրանց տեղափոխում են Սիրիայի հետ սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Շանլիուրֆա քաղաք (Թուրքիա): Այնուհետև վարձկանները տեղափոխվում են հակամարտության գոտի SADAT-ի վարձած չարտերային չվերթներով:

Նախքան Ադրբեջան ուղարկվելը վարձկաններից, իբր, առգրավվել են անձը հաստատող փաստաթղթերը և հաղորդակցման անձնական միջոցները: Նրանց ասվել է, որ իրենց ծառայությունները կպահանջվեն երեքից վեց ամիս տևողությամբ:

«Դեռևս սեպտեմբերի 22-ին Ադրբեջան է ուղարկվել ՍԱԲ-ի (SNA) 2-րդ կորպուսի կազմից առաջին խումբը, որը երկշաբաթյա հատուկ պատրաստում է անցել Սիրիայում թուրք հրահանգիչների հսկողության ներքո», - ասել է «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը:

Նրա խոսքով, ընդհուպ մինչ Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին հայտարարությունը, շարունակվում էր սիրիացի վարձկանների 1500 հոգուց բաղկացած մեկ այլ ջոկատի ակտիվ կազմավորումն՝ Ադրբեջան ուղարկվելու համար։ «Այս ջոկատը կազմավորված է և ցանկացած պահի կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», - պնդում է աղբյուրը: Խոսքը «Ֆայլակ աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկաթ Համզա» և «Ֆիրքաթ Սուլեյման շահ» խմբավորումների մարդկանց մասին է:

Ավելի վաղ BBC բրիտանական ռադիոկայանը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրինից «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման 150 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: Եվս շուրջ 2000 զինյալ «Սուլթան Մուրադի բրիգադ»-ից պատրաստվում էին տեղափոխվել Ղարաբաղ հոկտեմբերի սկզբին: Այս մասին հաղորդում է նաև ամերիկյան The Wall Street Journal թերթը: Միևնույն ժամանակ, Washington Post- ի լրագրողները, վկայակոչելով սիրիացի վարձկանների հարազատներին, հայտնում են, որ նրանցից ավելի քան 50-ը զոհվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ընթացքում:

ՀՀ իշխանությունները ևս բազմիցս ասել են, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից վարձկաններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ:

Հակամարտության մեջ Թուրքիայի ակտիվ դերի մասին հինգշաբթի հայտնել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Այժմ թուրքերը միջամտեցին և ռեսուրսներ տրամադրեցին Ադրբեջանին՝ դրանով իսկ ավելի բոցավառելով պատմական ճակատամարտը Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրում՝ փոքր տարածք, որի բնակչությունը կազմում է շուրջ 150 հազար մարդ», - ասել է նա WSB ռադիոկայանին տված հարցազրույցում:

Թուրքիայի բացասական ազդեցության մասին նախօրեին խոսել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ «Արտաքին միջամտությունը, մասնավորապես Թուրքիայի միջամտությունը, խորացնում է այս լարվածությունն, ինչն անընդունելի է», - հայտարարել է նա: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանություններն օգնում են Սիրիայից զինյալներ տեղափոխել Ադրբեջան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, կտրականապես հերքում է այն փաստը, որ ադրբեջանական կողմում կռվում են օտարերկրյա վարձկաններ: «Ոչ ոք մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել Ադրբեջանի տարածքում օտարերկրյա զինված կազմավորումների առկայության մասին, որոնք մասնակցում են ընթացիկ մարտական բախումներին: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք չունենք արտասահմանցի վարձկաններ », - ասել է Իլհամ Ալիևը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՌԻԱ Նովոստիի զուգահեռ հարցազրույցի ժամանակ:

Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հայտարարությունները որակվեցին որպես անընդունելի այն երկրների համար, որոնք ձգտում են միջնորդի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Թուրքիայի իշխանությունները նույնպես բազմիցս հնարածին են անվանել այն տեղեկությունները, որ իրենք օգնում են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: