Բավ է պառակտվել
07-10-2022 10:56

Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները. աջակցություն ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում, ասվում է հանդիպումից հետո Հայաստանի կառավարության տարածված հայտարարության մեջ։

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր մի քանի շաբաթ առաջ Հայաստանի վրա հարձակումից հետո, որի արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Հայաստանի որոշ տարածքներ։

Սակայն մինչ այս քառակողմ պաշտոնական հանդիպումը Ալիևն ու Փաշինյանը արդեն ունեցել են որոշակի շփումներ։ Թուրքական պատվիրակությունը, մասնավորապես, սոցիալական ցանցերում տարածել է Փաշինյանի, Ալիևի, Էրդողանի և Մակրոնի ոչ պաշտոնական հանդիպման կադրերը։