Բավ է պառակտվել
14-07-2018 21:37

«Ժառանգությունը» մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Ժառանագությունը» պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ։

Պաշտոնական քննարկում դեռ չի եղել, բայց կուսակցության հիմնադիրն անձնապես հակված է դաշինքով պայքարել Ազգային ժողովում մանդատներ ստանալու համար։

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյան այսօր ասաց, որ պատրաստ են վայր դնել կուսակցական դրոշներն ու միանալ թավշյա հեղափոխության հեղինակներին։ Հրապարակային առաջարկ արդեն արված է, այժմ սպասում են արձագանքին։

«Ժողովրդի հեղափոխության արդյունքները, հաջողությունները քաղաքականապես արձանագրելու համար այս անգամ շարժման այն ուժերը, որոնք ցանկանում են միասին, ցուցակով գնալ, պետք է միասին գնան։ Դա իմ առաջարկն է: Վարչապետ Փաշինյանն ու իր կուսակցությունը պետք է ծանր ու թերև անեն: Եթե իրենք ուզում են կուսակցականացված մոտեցում, մենք կողմ ենք կուսակցական դրոշները վայր դնելուն, և միասնական ցուցակի առաջարկ եմ արել», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայաստանյան նոր իրականությունը նաև իրենց հաղթանական են համարում ու պատրաստ են աջակցել նոր կառավարությանը, որպեսզի այն լինի ընտրված նոր իշխանություն։ Բայց եթե անգամ վարչապետի կողմից դաշինք կազմելու առաջարկը չընդունվի, «Ժառանագություն»-ում թևաթափ չեն լինի։ Ըստ կուսակցության հիմնադրի՝ կքննարկեն այլ ուժերին միանալու կամ առանձին պայքար տանելու հարցերը։

Հարցին, թե որոնք են այդ ուժերը, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարող իմ նախընտրած անունների մասին խոսել: Ես պարզապես կարող եմ ասել, որ նրանք, ովքեր իրապես հեղափոխության մեջ եղել են այս վերջին տարիների և ամիսների ընթացքում, ցանկության դեպքում պետք է միասին լինեն: Ովքեր ուզում են միջկուսակցական սովորական պայքար տանել, դա իրենց գործն է»:

Միասնական ցուցակի ձևաչափով «Ժառանագությունը» պատրաստ է մասնակցել նաև Երևանի ավագանու հնարավոր արտահերթ ընտրություններին՝ եթե հանկարծ երկուշաբթի կամ դրանից հետո ևս մեկ անգամ ավագանին իր շարքերից քաղաքապետ չընտրի։

Կուսակցության հիմնադիրը վստահ է, որ իրենք ամուր դիրքեր ունեն նաև մայրաքաղաքում․ - «Կսպասենք երկուշաբթի օրվա որոշմանը, ժամկետներին, որը, կարծում եմ, ցանկացած կուսակցության համար կարևոր է: «Ժառանգությունը» բոլորի նման ունեցել է վերելքներ, վայէջքներ, և կարծում եմ, որ հիմա մեր դիրքը ուժեղ է նաև մայրաքաղաքում: Մեր նախընտրությունը միշտ մասնակցելն է, բայց նման քննարկում տակավին չի եղել: Հավանաբար հաջորդ շաբաթ»:

Առայժմ քաղաքապետի պաշտոնի համար միակ թեկնածուն, ով հայտարարել է առաջադրվելու մասին, Զարուհի Փոստանջյանն է։

Հարցին, թե «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը, ով նախկին ժառանգական է, արդյոք կարող է ղեկավարել մայրաքաղաքը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Զարուհի Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքացի է, և թե՛ ինքը, թե՛ իր խմբակցությունից, թե՛ «Ելք» խմբակցությունից ցանկացած թեկնածու, ով արժանա մեծամասնության քվեին, կարող է լավ քաղաքապետ աշխատել: Նույնքան կարևոր է ավագանու որակը: Դրա համար, ես կարծում եմ, ժամանակավոր լուծումները իրենց հերթին թող լինեն: Ի վերջո ավագանին պիտի նորովի ընտրվի և պիտի արտացոլի երևանցու վստահության իրական քվեն»:

Ինչ վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան դաշինքին, ապա, Հովհաննիսյանի համոզմամբ, այն այլևս գոյություն չունի, այժմ նոր լուծումներ են պետք։

Բայց նախ «Ժառանգությունն» իր դերում կողմնորոշվելու խնդիր ունի: Ըստ կուսակցության հիմնադրի՝ իրենք այժմ «ինքնության բարդույթի պահն են վերապրում», սա անցումային մի փուլ է, որտեղ կուսակցությունը ո՛չ ընդդիմություն է, ո՛չ իշխանություն։