Բավ է պառակտվել
11-04-2017 14:11

Ինչպես են փոփոխվում Թրամփի հայացքները՝ արտաքին քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ

« Ինչ վերաբերվում է ռազմական գործողություններին, ապա ես չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչ եմ պատրաստվում անել, և ինչպես եմ ծրագրում դա անել»,- ապրիլի 5-ին Հորդանանի թագավոր Աբդալայի հետ համատեղ մամուլի ասուլիսին պնդում էր Դոնալդ Թրամփը: Դրանից երկու օր անց ամերիկյան ռազմածովային ուժերը սիրիական օդանավակայանի վրա 59 թևավոր «Tomahawk» հրթիռ բաց թողեցին, և ողջ աշխարհին ստիպեցին քննարկել Սպիտակ տան ներկայիս տիրոջ անկանխատեսելիությունը: Սիրիային հասցված հարվածը շատերի կողմից ընկալվեց որպես ապացույց այն բանի, որ Թրամփը պարզապես լիարժեք արտաքին քաղաքական ռազմավարություն չունի: Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք դա այդպես է, և թե ինչքանով են նախագահ Թրամփի որոշումները համապատասխանում նրա նախընտրական խոստումներին:


Բիգ Մակ-ի փոխարեն՝ սթեյքեր
« Մենք չենք կարող թույլ տալ, որ Չինաստանը բռնաբարի մեր երկիրը, իսկ նա՝ հենց դրանով էլ զբաղվա՛ծ է: Սա մարդկության պատմության մեծագույն խարդախությունն է»,-այդպես էր Թրամփն արտահայտվում ՉԺՀ խնդրի մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, խոստանալով վերադարձնել Պեկինի «գողացած» աշխատատեղերը:
« Մենք ամրացնում էինք բարեկամական հարաբերությունները: Կարծում եմ, որ հեռու հեռանկարում մենք միանգամայն հոյակապ հարաբերություններ կունենանք, և ես արդեն սպասում եմ այդ պահին»,- իսկ այս խոսքերով նա բնութագրել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման տպավորությունները, որին ԱՄՆ-ի 45-րդ նախագահն ընդունել էր Ֆլորիդայում գտնվող իր դղյակում:
2015թ.-ին Թրամփն ԱՄՆ-ի այդ ժամանակվա ղեկավար Բարաք Օբամային կոչ էր արել ժամանակ չծախսել Սիին քծնելու վրա, այլ տանել նրան «Մաքդոնալդս», և քարշ տալով հետ բերել բանակցությունների սեղանին: Սակայն, անձամբ հայտնվելով նախագահական աթոռին միլիարդատերն իրեն միանգամայն այլ կերպ պահեց՝ Չինաստանի առաջնորդին ընդունելություն մատուցելով ՝ բոլոր կանոններով, և հյուրասիրելով նրան սիրելի սթեյքով:
Նման ճակատագիր ունեցան նաև քաղաքական գործչի շատ այլ նախընտրական խոստումներ: Օրինակ, նա սպառնում էր, որ իրավասություններ ստանալուն պես Չինաստանին տարադրամի մանիպուլյատոր կհայտարարի և ՉԺՀ-ից ներմուծվող ողջ ապրանքի վրա 45 տոկոսանոց հարկ կսահմանի: Եվ այս ամենից ոչ մի բան էլ իրականություն չդարձավ: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնաչին հայտարարեց, որ Միացյալ նահանգները տարադրամի մանիպուլյատորների հարցում շարունակում է ֆորմալ մոտեցում ցուցաբերել, և Չինաստանն առայժմ համապատասխանում է երեք չափանիշներից մեկին միայն: Մինչ երդմնակալությունը Թրամփը հավաստիացնում էր, որ հեշտությամբ կարող է հրաժարվել« միայն Չինաստանի» քաղաքականությունից և ճանաչել Թայվանի ինքնիշխանությունը, բայց Սի Ցզինպինի հետ առաջին իսկ հեռախոսազրույցից հետո, որոշեց չանել դա:


Չնայած, ճիշտ չէր լինի ասել, որ Թրամփը լիովին փոխել է Չինաստանի հանդեպ իր հարաբերությունը. Մարտի 31-ին, ճիշտ Սիի այցից առաջ, նա երկու հրամանագիր ստորագրեց՝ միջազգային առևտրում չարաշահումների դեմ պայքարի վերաբերյալ:
Պետաշխատողներին հրամայվել էր սկսել առևտրային անհավասարակշռության մասշտաբային ստուգում, և եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել՝ իրավիճակի շտկման համար: Բացի այդ, պետաշխատողներին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել դեմպինգային գներ սահմանող արտասահմանյան արտադրողների հանդեպ:
« Ամերիկյան բարեկեցության գողությանը վերջ կդրվի»,- այսպես է մեկնաբանել իր նոր հրամանագրերը Թրամփը:
Իսկ անմիջապես ամերիկյան և չինական առաջնորդների բանակցությունների ժամանակ, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հրթիռային հարված հասցրին սիրիական կառավարական ուժերի օդանավակայանին: Շատ փորձագետների կարծիքով, դա պետք է ցուցադրեր չինացիներին, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահը՝ ի տարբերություն իր նախորդի, թուլամորթ չի, և հարկ եղած դեպքում կարող է ուժ կիրառել:
Երբ երկու առաջնորդների հանդիպումն արդեն անցյալում էր, Թրամփը բավական երկակի ձևով դիմեց Twitter-ի իր միլիոնավոր ընթերցողներին. « Ինձ համար մեծ պատիվ էր նախագահ Սի Ցզինպինին և տիկին Պեն Լիյուանին ընդունելը: Մենք լավ ընկերության և փոխըմբռնման հասանք: Ինչ վերաբերվում է առևտրին՝ միայն ժամանակը ցույց կտա»:

Մոսկվայի ընկերը
« Ես կարծում եմ, մենք Պուտինի հետ շատ լավ լեզու կգտնենք, ինձ այդպես է թվում»,- նախընտրական ծրագրի շրջանակներում Թրամփը բազմիցս է խոսել ռուսաստանյան առաջնորդի հետ անձնական ջերմ հարաբերություններ ստեղծելու իր հույսերի, և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև փոխգործակցություն կառուցելու մասին:
« Մենք նրանց (ռուսներին) հրեցինք Չինաստանի գիրկը, ինչը ևս միանգամայն սարսափելի է: Երբեք թույլ մի տվեք, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտերմանան»,-այդպես է Թրամփը պարզաբանել իր դրդապատճառները:
Այդ պահից ռուսական գործոնը մեծ ներքաղաքական նշանակություն է ձեռք բերել: Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության հաքերներին մեղադրում էին ընտրությունների ժամանակ Թրամփին օգնելու մեջ, իսկ ամերիկյան մամուլը նրան ներկայացնում էր իբրև ռուսական առաջնորդի կողմից կառավարվող տիկնիկ:
Սակայն, ինչպես նշում է Politico պարբերականը, Սիրիայի կառավարական ուժերին հասցված հրթիռային հարվածը, որի վերաբերյալ որոշումը Թամփն ընդունել է մի քանի օրվա ընթացքում, ամերիկյան նախագահին հնարավորություն տվեց ցույց տալ, որ ինքը պատրաստ է ընդդեմ Ռուսաստանի գործել:
Այդ թեզի օգտին է խոսում այն, որ հարվածի իրական հետևանքները չնչին էին, և ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա այդ ռազմական ակցիան դեռևս ճակատագրական ազդեցություն չի թողել:


Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ռուսաստանյան այցը չի չեղարկվել, Կրեմլը դեռ հավատում է սիրիական ուղղությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարին:
Ահաբեկչության և միջուկային զենքի տարածման դեմ պայքարը իրոք շարունակում է մնալ այն քիչ ոլորտներից մեկը, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող էին համագործակցել, քանի որ այս հարցում կողմերից և ոչ մեկը ստիպված չի լինի զգալի զիջումների գնալ:
« Այլ ոլորտները, որտեղ նման զիջումներ չեն պահանջվում՝ ծայրահեղ քիչ են»,- կարծում է Քենանի համալսարանի տնօրեն Մեթյու Ռոժանսկին: Նրա խոսքերով, այս ուղղություններով աշխատանք սկսելով կարելի կլինի լիարժեք երկխոսություն սկսել նաև այլ հարցերի շուրջ:
Ռոժանսկու կարծիքի հետ համամիտ է նաև Ե.Մ Պրիմակովի անվան Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ֆյոդոր Վոյտոլովսկին, ով նշում է, որ Մոսկվայում հասկանում են, որ Թրամփը հայտնվել է բարդ ներքաղաքական պայմաններում, և այդ իսկ պատճառով խաչ չեն քաշում հարաբերությունների վերականգնման փորձերի վրա: Պետքարտուղարի այցը ուժի մեջ թողնելու որոշումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության, որը Սիրիայով չի ավարտվում:« Թիլերսոնի «ճամպրուկում» շատ այլ թեմաներ էլ կլինեն. Դա և՛ Ուկրաինան է, և՛ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, և՛ սպառազինությունների վերահսկումը, և՛ երկկողմ հարաբերությունները(այդ թվում նաև տնտեսական),և՛ պատժամիջոցների խնդիրը՝ չնայած որ այն հանրային քննարկման առարկա չի դառնա»,- մասնավորեցրել է Վոյտոլովսկին:

Դաշնակից Մերձավոր Արևելքում
« Ես լավագույն բանն եմ, որ կարող է պատահել Իսրայելի հետ»,- 2015թ դեկտեմբերին Վաշինգտոնում տեղի ունեցած հրեա-հանրապետականների ֆորումին հայտարարել է Թրամփը: Նա խոստացել էր լինել Թել Ավիվի լավագույն ընկերը, և նույնիստ Իսրայելը հրեական պետության մայրաքաղաք ճանաչել: Իսրայելյան հասարակության աջ և ծայրահեղ աջ ուժերը հույս ունեին, որ ԱՄՆ-ի նոր նախագահը աչք կփակի Հորդանան գետի արևմտյան ափին բնակավայրերի կառուցման վրա. Դրանց կառուցումը սկսվեց Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց: Չնայած դրան, երդմնակալությունից քիչ անց, «Israel Hayom» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ բնակավայրերի կառուցումը չի նպաստում խաղաղության հաստատմանը, և խորհուրդ էր տվել Թել Ավիվին ավելի ակտիվորեն մտածել այն մասին, թե ինչպես հարաբերություններ հաստատել պաղեստինցիների հետ:


Հրեական պետության խիստ քննադատությունից նա այնուամենայնիվ զերծ մնաց, ընդգծելով, որ.« Ես շատ լավ հասկանում եմ Իսրայելին, և հարգում եմ նրան: Իսրայելցիները մի քանի ծայրահեղ դժվար դարաշրջան են ունեցել: Ես կցանկանայի, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղություն լիներ: Դա հիանալի կլիներ»:
Ինչպես պարզաբանել է Դանիել Լևին՝ ամերիկա-բրիտանական U.S./Middle East Project հետազոտական ինստիտուտի նախագահը, իսրայելցի աջերին սիրաշահելու Թրամփի, և նրա շրջապատի ցանկությունը բախվել է դաժան իրականության հետ: Փորձագետն ընդգծել է. Թրամփի նախընտրական խոստումները հակասում են Ամերիկայի ազգային շահերին, և տարածաշրջանը վտանգի են ենթարկում: «Բարձր պետական պաշտոններ զբաղեցնող նախկին զինվորականները կոչ են անում զգուշանալ իսրայելցիների հետ չափազանց մտերմիկ հարաբերություններից և պաղեստինցիների հետ թշնամանքից»,- ասում է Լևին: Նրա խոսքերով, ամերիկացիների անզգույշ վերաբերմունքը կարող է հանգեցնել տարածաշրջանում էքստրիմիզմի պայթյունի , դրանից ելնելով էլ Թրամփը ստիպված եղավ մեղմել իր տոնայնությունը:


Թշնամի Մերձավոր Արևելքում
Թերևս Թրամփն առավել հետևողական է Իրանի հարցում: Նա Թեհրանը համաշխարհային սպառնալիք է անվանում, չնայած նրա հասցեին հնչող հիմնական խոստումը՝ « ատոմային գործարքից» հրաժարվելը, դեռ չի կատարել: Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումից հետո Վաշինգտոնը այդ երկրի մի շարք քաղաքացիների և ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ է մտցրել:


Դանիել Լևիի խոսքերով, կոշտ քաղաքականությանն այս պարագայում աջակցում են վաշինգտոնյան վարչախմբի գաղափարախոսները՝ և՛ զինվորականները, և՛ կոնգրեսականները: « Վաղ թե ուշ ատոմային գործարքը կարող է ընկնել «հազարավոր վերքերից ստացած մահով»,- վստահ է նա:
Եվ չնայած դրան, մի շարք գործոններ, օրինակ Ճապոնական թերակղզում իրավիճակի սրումը, դաշնակիցների անվստահելիությունը, կամ սիրիական հակամարտության մեջ մեծացող ներգրավվածությունը կարող են Թրամփին շեղել Իրանի հետ հակամարտությունից:

Ռազմավարական անհուսալիություն
Այլ երկրների հետ փոխհարաբերությունների վերաբերյալ Թրամփի մոտեցումների փոփոխությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այսպես է կարծում Հադսոնի համալսարանի ռազմա- քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի փորձագետ Ռիչարդ Վայցը: Նախ, նախագահի ընտրություններն անցյալում են, և սադրիչ, կտրուկ հռետորաբանությունից կարելի է հրաժարվել: Երկրերդը. Թրամփն իբրև երկրի ղեկավար այժմ շատ ավելի շատ տեղեկություններ ունի երկրի դաշնակիցների և հակառակորդների մասին: Երրերդը. իր վարչախմբի բարձր պաշտոններին նա նշանակել է ավանդական մոտեցումների կողմնակիցների, իսկ նրանց կարծիքը ևս զգալիորեն ազդում է ընդունվող որոշումների վրա:
Սակայն, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականությունում Թրամփն առաջվա պես զգացմունքային է: Անսպասելի և ինքնաբուխ որոշումներով ռազմավարության փոփոխությունը կարճատև հեռանկարում կարող է նրան լավ արդյունքներ տալ, բայց երկարատև հեռանկարում դա հղի է վտանգներով:« Եթե Միացյալ Նահանգները չընտրեն իրենց երկարաժամկետ գիծը՝ այս կամ այն ուղղությամբ, նրանց համար բարդ կլինի գործընկերների հետ աշխատելը»,- զգուշացնում է Վայցը: Նրա կարծիքով, շրջապատող աշխարհի հետ հարաբերություններ կառուցելու ներկայիս ձևը Թրամփին կհանգեցնի նրան, որ նա կկորցնի դաշնակիցների վստահությունը: « Քաղաքականությունը միայն իմպրովիզի արվեստ չէ, դա նաև վստահություն ստեղծելու արվեստ է»,- նշում է փորձագետը:

Սակայն, դատելով այս ամենից, ռազմավարության բացակայությունը ոչ այնքան Թրամփի գիտակցված որոշումն է, որքան նրա քաղաքական անփորձության արդյունքը: Նրա ծրագրի կորիզը « Ամերիկան կրկին հզոր դարձնելու» խոստումն է: Թրամփի իդեալը՝ 1950-ականների Միացյալ Նահանգների օրինակն է, այսինքն, երբ արտադրությունը դեռ չէր արտահանվում, իսկ Վաշինգտոնին մարտահրավեր կարող էր նետել միայն հավասարաչափ հզոր ԽՍՀՄ: Թրամփը գտնում է, որ քանի որ այսօր ԱՄՆ-ը միակ գերպետությունն է՝ ոչ ոք չպետք է կասկածի, որ նա «զիլ» է: Հանուն դրա կարելի է և Սիրիայի ուղղությամբ հրթիռներ բաց թողնել, միաժամանակ հասկացնելով Չինաստանին, որ կիսամիջոցների ժամանակներն անցել են:
Խնդիրը միայն նրանում է, որ ռազմավարությամբ և մուսկուլներ խաղեցնելով ստրատեգիային չես փոխարինի: Եվ հարցը նրանում է, թե որքան արագ Թրամփը դա կհասկանա: