Երևանի Ազատության հրապարակում այսօր առավոտյան հերթապահում էր Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը, ով փոխարինել էր գիշերը այնտեղ անցկացրած՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Ինչպես հայտնեց ընդդիմության միասնական շտաբի վրանում նստած երիտասարդը` այս գիշեր հրապարակում գիշերել է 15-20 մարդ:
Վրաններ չէին տեղադրվել, թեպետ երեկ «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը երեկ հայտարարեց` ի գիտություն, որ վրաններ կտեղադրվեն անկախ ամեն ինչից: Ծածկի տակ նստած Գարեգին Չուգասզյանը պատմեց, թե ինչով են զբաղվում Ազատության հրապարակում:
«Իրար ներկայությունն ենք վայելում, հետաքրքիր մարդկանց ներկայությունը, պատմություններ ենք պատմում կյանքից, Երևանի պատմությունից, չգրված պատմությունից, լավ երաժշտություն ենք լսում: Որակյալ մարդկանց հետ ենք շփվում: Եվ վերջապես` Երևանի ազատ մթնոլորտն ենք վայելում»,– ասաց նա:
Նշենք, որ ծածկի տակ վերմակներ ու ծածկոցներ կային։ Շտաբում հերթապահող երիտասարդը ասաց, որ մարդիկ մեծ քանակությամբ տաք հագուստ, ծածկոցներ ու կերակուր են բերում: