Բավ է պառակտվել
30-04-2021 16:41

Ո՞ր քաղաքական ուժը կհաղթի Հայաստանի ընտրություններում, եթե դրանք անցկացվեն հաջորդ շաբաթ․ Իսկանդարյանի կանխատեսումը

Ո՞ր քաղաքական ուժը կհաղթի Հայաստանում ընտրությունները, եթե դրանք անցկացվեն հաջորդ շաբաթ, և ինչպիսի՞ն կլինի քաղաքական դասավորվածությունը։ Այս մասին ուրբաթ խոսել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փաշինյանը կարող է հաղթել առաջին փուլում

Իսկանդարյանի խոսքով, ընտրություններին դեռ երկու ամիս կա, ինչը քիչ չէ, և որոշ ուժեր դեռևս կառաջադրվեն, բայց ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունեցող առավել խոշոր ուժերն արդեն քիչ թե շատ ուրվագծվում են, այդ թվում՝ նախորդ օրը հայտարարությամբ հանդես եկած Հանրապետական կուսակցությունը։

«Առաջին հերթին՝ «Իմ քայլը» կամ «Քաղաքացիական պայմանագիրն» է, այսինքն Փաշինյանի (Հայաստանի վարչապետ - խմբ.) ուժը: Նրանք կմասնակցեն քարոզարշավին, և առաջին փուլում հաղթելու շատ լուրջ հնարավորություն ունեն: Պարտադիր չէ, որ դա իրականանա, բայց հնարավորությունը կա, ուստի Փաշինյանը գնում է ընտրությունների, որպեսզի հիմա «ռեստարտ» տա բյուրոկրատական լեգիտիմությանը, քանի որ մեծ հարց է, արդյոք կկարողանա դա անել երեք տարի անց: Քանի դեռ կա նման հնարավորություն, այն պետք է օգտագործվի», - ասաց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է սոցհարցումներին, ըստ քաղաքագետի, կան շատ վերապահումներ, դրանք տեխնիկական բնույթի են, արվում են հեռախոսով, շատ կենտրոնացված են, անցկացվում են միայն Երևանում և ընտրության խնդիր կա:

Այնուամենայնիվ, ըստ նրա, պետք է ենթադրել, որ դա իսկապես այդպես է, և Փաշինյանն ունի ձայների շուրջ մեկ երրորդը, այսինքն՝ 30% աջակցություն:

«Եթե դա այդպես է, ապա ցածր մասնակցության դեպքում այն կարող է դառնալ 40%, իսկ որպես գործող կառավարություն ունեցած վարչական ռեսուրսով՝ 50 պլյուս ձայն, իսկ դա հաղթանակ է առաջին փուլում», - ասաց նա:

Նրա խոսքով ՝ Փաշինյանը հիմնականում աշխատելու է մարզերում, ոչ թե մեծ քաղաքների սոցիալական կենտրոններում և կենտրոնանալու է ոչ բարձր կրթական ցենզ ունեցող անձանց վրա: Այս ռազմավարությունը ընտրությունների առումով ճիշտ է և կարող է բերել հաղթանակի:

«Դա երևում է նաև հռետորաբանությունից, և Փաշինյանի, ու ոչ միայն նրա ասածներից: Այն գրեթե 180 աստիճանով տարբերվում է հեղափոխությունից անմիջապես հետո եղածից, այն ժամանակ արդիականացման հռետորբանություն, միտում դեպի եվրոպականություն, իսկ հիմա նրանք ասում են. «մենք բոլորս ամեն ինչ կտանք, և լավ կլինի, միայն թե հները չվերադառնան», - ասաց Իսկանդարյանը:

Քոչարյանի ու ՀՀԿ-ի շանսերը

Ըստ քաղաքագետի, եթե ընտրություններն անցկացվեին գալիք երկուշաբթի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր դառնալ երկրորդ ուժը, որը շատ լուրջ շանսեր ունի մտնել խորհրդարան և անգամ զբաղեցնել երկրորդ տեղը:

«Արդեն պարզ է, թե որ ոլորտներում է նա աշխատելու. Ղարաբաղի շահերի պաշտպանություն ավելի ազգայնական ընտրազանգվածով, որը սարսափելի հիասթափված է պատերազմում կրած պարտության պատճառով և մեղադրում է իշխանություններին: Նրա մեկ այլ թեզն է՝ «ես կարող եմ, իսկ այդ մարդիկ չեն կարող, նրանք կոմպետենտ չեն, իսկ ես կարող եմ կառավարել», այսինքն՝ «կոմպետենտության թեզն», - ասաց Իսկանդարյանը

Ըստ նրա՝ շեշտ է դրվելու նաև սոցիալական բաղադրիչի վրա:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը միավորվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, նրանք, ամենայն հավանականությամբ, կաշխատեն Քոչարյանի հետ նույն ընտրական դաշտում և միմյանցից ձայներ կխլեն:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ով ունի ավանդական ընտրազանգված, որի ներկայացուցիչներից շատերն ինչ որ նկատառումներից ելնելով իրոք քվեարկում են նրա օգտին։

«Հետաքրքիր է, որ Ծառուկյանը միակն է, որ ստեղծում է ժողովրդի ծոցից դուրս եկածի իմիջ, պարզապես հաջողակ է, բայց «թափով տղա» է», - ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա գնահատականի, կլինեն այլ ուժեր և գործիչներ, նրանք շատ կլինեն, բայց 5 տոկոսի շեմը հաղթահարելու քիչ շանս կունենան, եթե դիտարկենք այսօրվա իրավիճակը։

Երրորդ ուժը և նախագահների միավորումը

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Էդմոնդ Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրություններին մասնակցելու հավանականությանը կամ նրանց միավորման հնարավորությանը, քաղաքագետը կարծում է, որ այժմ սխալ է խոսել կոնկրետ քաղաքական ուժերի մասին, քանի որ պարզ է, թե ինչի կարող են հավակնել Տեր-Պետրոսյանի և Մարուքյանի կողմնակիցները: Քաղաքագետի խոսքով՝ նրանք կարող են հավակնել մտնել խորհրդարան, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան կուզեն և ինչպես կաշխատեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:

«Երրորդ ուժի հույսերը միշտ ի չիք են դառնում, նույն էլ կլինի հիմա։ Ես նկատի չունեմ, որ այդ ուժերն ընդհանրապես ոչնչի չեն հասնի, նրանք էլեկտորատ ունեն, կան մարդիկ, ովքեր երբեք չեն քվեարկի Փաշինյանի, Քոչարյանի կամ Հանրապետականի օգտին, բայց ամեն ինչ կախված կլինի աշխատանքից, իսկ նրանք դեռ չեն սկսել այն», - ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա, Տեր-Պետրոսյանի առաջարկած «Ժողովրդական ճակատ» նախագիծը` Հայաստանի և Ղարաբաղի բոլոր նախագահների միավորումը կարող է աշխատել:

«Սա բոլորի միավորումն է ընդդեմ գործող իշխանության: Այստեղ կարելի է ավելացնել կաթողիկոսին և նախագահին և գնալ «բոլորը մեկի դեմ»: Տեսականորեն այդպիսի շանս կա, բայց ես չեմ հավատում, որ դա հնարավոր է և կհաջողվի », - ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ չի հաջողվի, քանի որ բոլորը միավորվում են մեկի դեմ միակ դեպքում․ երբ կա հաղթանակի իրական և շատ շոշափելի հավանականություն:

«Պատը պետք է բոլորով ճեղքել, ապա նոր պարզել, թե ով ում է ատում և ում ինչ կտա: Եթե կա այդ հույսը, ապա ռացիոնալ է դաշինք կնքել ցանկացածի, նույնիսկ սատանայի հետ հանուն հաղթանակի: Եթե այդպիսի հույս չկա, ապա այդպիսի ռազմավարության իմաստը կորչում է, և բոլորը պետք է ոչ թե պատը ճեղքեն, այլ 5% հավաքեն, իսկ դրա համար միավորվելու անհրաժեշտություն չկա, այդ պատճառով սա չի գործում Հայաստանում», - ասաց Իսկանդարյանը:

Ուստի, ըստ քաղաքագետի, այնքան կարևոր չէ, թե ով կդառնա երրորդ ուժը. խորհրդարանը կլինի շատ մասնատված, բայց մեկ քաղաքական ուժը ներկայացնող մեծամասնության դեպքում դա շատ մեծ նշանակություն չի ունենա:

Հետընտրական ճգնաժամը կպահպանվի

Ինչպես նշեց քաղաքագետը, ընտրություններից հետո, անշուշտ, կեղծիքների մեղադրանքներ կլինեն, խախտումների ապացույցներով բազմաթիվ տեսանյութեր կգցվեն ցանց, կհնչեն բանավոր մեղադրանքներ և կանցկացվեն հանրահավաքներ:

«Քաղաքական ճգնաժամը չի ավարտվի, և կզարգանա մինչև հաջորդ արտահերթ ընտրություններն», - ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա, բյուրոկրատական լեգիտիմությունը կարելի է հաստատել առնվազն սեփական կամ արտաքին խաղացողների աչքում, սոցիալական լեգիտիմությունը չի կարող հաստատվել այս եղանակով, ընդհակառակը, այն կարելի է կրճատել, քանի որ ցանկացած ընտրություն խառնաշփոթ է, մեղադրանք, կեղտագնդեր:

Ընտրություններ Հայաստանում

Ս․թ․ մարտի 18-ին, Հայաստանի նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է լուծարվել միայն այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, և պատգամավորները երկու անգամ չընտրեն նոր վարչապետ: Դրանից հետո խորհրդարանը համարվում է լուծարված օրենիք ուժով, և անց են կացվում արտահերթ ընտրություններ։

Ապրիլի 25-ին Փաշինյանը և կառավարություն անդամները հրաժարական տվեցին, ինչն ընդունվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

Համաձայն ՀՀ օրենսդրության, վարչապետի հրաժարականից հետո յոթօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ ներկայացնել։ Հակառակ դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, որոնց կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։