Բավ է պառակտվել
22-09-2022 11:47

Ո՞ր երկիրն է շահագրգռված «Զանգեզուրի միջանցքով». փորձագետի մեկնաբանությունը

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Նովոստի–Արմենիա» յութուբյան ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակպատասխանել է հարցին, թե որ երկիրն է շահագրգռված «Զանգեզուրի միջանցքով»։

«Ակնհայտ է, որ Իրանը դեմ է այս «միջանցքին», քանի որ այն իր համար ունի կենսական նշանակություն, Ռուսաստանը չունի նույն զգացմունքները, նրան այս հարցն առանձնապես չի հետաքրքրում և, ի տարբերություն Իրանի՝ նրա համար դա «կարմիր գիծ» չէ։ Ռուսաստանը կարծում է, որ «միջանցքը» լինելու դեպքում կվերահսկի այն»,- «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Միաժամանակ նա մատնանշել է, որ ԱՄՆ-ի համար սա «միջանցք» է, որը կապում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային Ադրբեջանի հետ։

«Սա օգուտ է դաշնակցի համար, և բացի այդ, ճանապարհ է դառնում ՆԱՏՕ-ի համար, քանի որ Թուրքիան դաշինքի անդամ է։ եվ երկրորդ․ ո՞ւմ համար է այս «միջանցքը» մեծ խնդիր․ Իրանի։ Ինչպիսի՞ն են Իրանի և ԱՄՆ հարաբերությունները. թշնամական։ Այս համատեքստում խոսել ԱՄՆ-ի հատուկ հետաքրքրության մասին Հայաստանի նկատմամբ պարզապես անլուրջ է»,- ասել է փորձագետը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին

Լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են շրջանառվում ճանապարհների հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին (Ադրբեջանը դրանք անվանում է «միջանցքներ»), որոնք ենթակա են ապաշրջափակման 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Պաշտոնական Երևանը, մասնավորապես, ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հայտարարել է, որ միջանցքային տրամաբանության մեջ ոչ մի հարց չի քննարկվում, և որ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբն արձանագրել է, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհները կլինեն այն պետության ինքնիշխան տարածք, որով նրանք անցնում են։

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում (Իրանին սահմանակից)․ այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմովբիլային ճանապարհ և երկաթուղի։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել. Երևանը մերժում է «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցություններ վարելու հնարավորությունը։