Բավ է պառակտվել
05-06-2019 22:17

Ո՞րն է ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը. Պարզաբանում է վարչապետը

Հատուկ քննչական ծառայությունը հետևողական աշխատանք է տանում և բոլորս հասկանում ենք, որ վերջին տասը տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  այն լուրին, որ Մարտի 1-ի գործով սպանության կասկածանքով առաջին ձերբակալվածը կա:
Նրա խոսքով, այն փաստը, որ պարկուճները փոխված են նշանակում է, որ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։
«Եթե այս պայմաններում ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ապա ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, ինչպես կընթանա: Բայց, որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ քննությունը հենց 2008թ. Մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ՝ ակնհայտ է»,- ասաց վարչապետը։
Ի դեպ վարչապետը խոսեց նաև Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը ստեղծման մասին: Ասաց,որ այն ստեղծվում է մեկ նպատակով. պարզելու, թե արդյոք ՀՀ զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ ինչ-որ մեկին պատժելու համար:
«Չնայած, եթե հընթացս պարզվի, որ որևէ մեկը պատժելու ենթակա արարք է թույլ տվել, բնականաբար, կպատժվի։ Մեր մեծագույն խնդիրն է երաշխավորել, որ նույնպիսի իրավիճակ չլինի։ Քննիչ հանաձաժողովի նպատակը ոչ թե մեկին բռնել-պատժելն է, այլ՝ իրավիճակը վերլուծելը», - ասաց նա։

 

Արմինե Գևորգյան