Բավ է պառակտվել
20-09-2019 20:48

Որոնք են ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու հիմքերը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն Ազգային ժողովում արդեն շրջանառության մեջ է: «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծն արդեն ուղարկել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով և ընդդիմադիր խմբակցություններին: Փաստաթղթում, որը բաղկացած է 94 էջից, հեղինակները ներկայացրել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացը, որը նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնությունը, իրականացվել է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում։ Խմբակցությունը բոլոր հիմքերը գնահատել է բավարար, այդ իսկ պատճառով հանդես է եկել նախագծով։ Վարդանյանը չի կիսում այն մոտեցումը, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման առնչությամբ նախաձեռնված գործընթացը ճնշում է դատարանի հանդեպ: Նա նման որակումները մանիպուլյացիա է համարում: «Ուզում եմ, որ հանրությունը հստակ իմանա, թեև գործընթացը նախաձեռնվել է Ազգային ժողովում, բայց այդ հիմքերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանի տիրույթում է։ Փորձ է արվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց։ Նախկինում ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, ճնշում եք գործադրում դատական համակարգի վրա, մենք ընտրել ենք այն ուղին, որը իրավական է»։ Որպես հիմք արդյոք բավարա՞ր է այն փաստը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը քավոր-սանիկ հարաբերություններ ունեն: Պատգամավորը նկատում է, որ քավոր-սանիկ հարաբերությունները, որպես այդպիսին, բավարար չեն, բայց հարաբերությունների բնույթն ու փոխկապակցվածությունը կարող են բավարար լինել: «Չմոռանանք նաեւ, որ ՍԴ-ում Քոչարյանի դիմումի ներկայացուցիչը ոչ թե Արամ Օրբելյանն է, այլ Արամ Վարդեւանյանը: Բայց Արամ Օրբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ ՍԴ դիմումը կազմելու փուլում ինքը մասնակցություն է ունեցել: Դա կարող է կաշկանդել, կարող է եւ՝ ոչ: Սա միակ հիմքը չէ ասում է Վարդանյանը։ Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը կամ 80 կողմ քվե: Խորհրդարանական մեծամասնությունն այդքան ձայն ունի, բայց քանի որ քվեարկությունը գաղտնի է, կարող են լինել անակնկալներ։

 

Արմինե Գևորգյան