Բավ է պառակտվել
11-01-2019 16:42

Ինչպիսին կլինի Հայաստանի քաղաքական կյանքը 2019 թվականին․ քաղաքագետ

2019 թվականին Հայաստանի քաղաքական կյանքում դրամատիկ և կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն` ամփոփելով 2018 թ. արդյունքները և ներկայացնելով 2019-ի կանխատեսումները։

Նրա խոսքերով, 2018 թվականը շատ կարևոր էր Հայաստանի քաղաքական կյանքի համար, կատարվել է էլիտայի փոփոխություն, որը սկսվել է 2018թ. ապրիլին: Այն կավարտվի մի քանի օրից (նոր խորհրդարանի աշխատանքների սկիզբով. խմբ.):

“Չեմ ասի, որ մեզ մոտ ամեն ինչ փոխվել է, բայց մենք ունենք նոր էլիտա, իշխանության գրեթե 100% նոր մարդիկ են։ Սա լուրջ հնարավորություն և մարտահրավեր է։ Ինչպիսին կլինեն զարգացումները՝ կտեսնենք 2019 թվականին”, - ասել է Իսկանդարյանը:

Որպես էլիտայի փոփոխության դրական գործոն, նա նշել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել առանց բռնության, ինչպես նաև այն փաստը, որ պահպանվել է օրենքի տառը:

Իսկանդարյանը նաև նշել է, որ արտաքին քաղաքականության շարունակականությունը քիչ թե շատ պահպանվել է, ամեն դեպքում՝ մտադրություն կա անփոփոխ թողնել: Միևնույն ժամանակ կա դինամիկա, բայց հիմնականում, Ռուսաստանի, Արևմուտքի, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները քիչ թե շատ պահպանվում են:

“Գոյություն ունեն նաև մարտահրավերներ, որոնք լինում են հեղափոխությունների ժամանակ․ եկել են նոր մարդիկ, ովքեր հաճախ բավականաչափ փորձ չունեն, չկան աշխատող մեխանիզմներ, և սա նրանց խնդիրն է 2019 թվականի համար”,- ասել է Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, իրավիճակի զարգացումը հետաքրքիր կլինի, քանի որ խորհրդարանական երկրում չկան զարգացած քաղաքական կուսակցություններ․ քաղաքական համակարգը կոլապսի մեջ է։

Նա նշել է, որ հաճախ նշվում է խորհրդարանում և քաղաքական իրականության մեջ ընդդիմության բացակայությունը, սակայն խնդիրը շատ ավելի ծավալուն է, քանի որ չկա նաև իշխանական կուսակցություն, իսկ “Քաղաքացիական պայմանագիրը” (խորհրդարանում մեծամասնություն ունեցող և “Իմ քայլը” կուսակցության միջուկը հանդիսացող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցություն) դեռևս չի հանդիսանում մտավորական, լրատվամիջոցների, ֆինանսական և գաղափարախոսական ռեսուրսների առումով ամուր ձևավորված կուսակցություն։

Միևնույն ժամանակ, ըստ Իսկանդարյանի, չի կարելի խոսել լուրջ ընդդիմության գոյության մասին, և սա խնդիր է, քանի որ խորհրդարանական համակարգը գործում է միայն զարգացած քաղաքական կուսակցությունների առկայության պայմաններում, որոնք պետք է “ընթացքում ստեղծվեն”:

Խնդիրների թվում քաղաքագետը նաև նշել է բարեփոխումների և զարգացման ծրագրերի ձևավորման անհրաժեշտությունը, քանի որ անհնար է շարժվել միայն իներցիայով, միժամանակ անհրաժեշտ է զբաղվել ճգնաժամային կառավարմամբ:

“Շատ է խոսվում Հայաստանի հասարակական կյանքի ժողովրդավարացման մասին, բայց այդ խոսակցությունները մակերեսային են, որովհետև ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, դա մեխանիզմներ է, ինստիտուտներ, կանոններ, մշակույթ, որոշակի կարգի պահպանում է, և այս ամենը հարկավոր է մշակել, ինստիտուցիոնալացնել եղածը”, - ասել է Իսկանդարյանը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այս պահին երկրում ձևավորվել է առանց ընդդիմության խորհրդարանի կազմաձև, որը նույնպես պետք է մշակվի Ազգային ժողովի գործունեության ընթացքում: Հարկավոր է սպասել, ինչպես իրենց կդրսևորեն խորհրդարան անցած “Լուսավորվող Հայաստան” և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները և ինչպես կբախշվեն տեղերը “Իմ քայլը” դաշինքի ներսում:

“Մեզ չափազանց հետաքրքիր, բարդ տարի է սպասում, բայց կարծում եմ, որ 2019-ին Հայաստանի քաղաքական կյանքում դրամատիկ և կտրուկ փոփոխություններ չեն սպասվում”, - ասել է Իսկանդարյանը: