Պաշտպանության նախարարություն ու զորամասերում խիստ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի դեպքերը կանխելու նպատակով, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Բալայանը տեղեկացրեց, որ զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր դեպքեր չկան, իսկ հիվանդացածների մոտ մեծ մասամբ էլ ասիմպտոմ դեպքեր են։
«Թիվը իրավասու չեմ հրապարակել, բայց բոլոր դեպքերը, որ ԶՈՒ-ում գրանցված են, լոկալիզացված են, դեպք չունենք, որը այն շրջանակից չէր, որ ակնկալում էինք, բավական լավ են, այս առավոտյան դրությամբ, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն ասիմպտոմ է անցնում, կան թոքաբորբով դեպքեր, բայց ծանր, ծայրահեղ դեպքեր չունենք»,- ասել է Բալայանը:
Նա լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև երեկ տեղի ունեցած զինվորի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առնչությամբ կատարված գործողություններին:
«Ինչ-որ հայտարարվել է, դրանից ավելի բան չեմ կարող ասել, քրգործը հարուցվել է սպանության հոդվածով, ցանկացած տեղեկություն, որին տիրապետում եմ, հանդիսանում է նախաքննական գաղտնիք, դրա բացահայտման չափը կարող է բացահայտել քննչական կոմիտեն, տեղի է ունեցել դեպք, որը սպանության հոդվածով է հարուցվել, ես չմեկնաբանեմ, կարող եմ հավաստիացնել, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվել են, համապատասխան անձանց շրջանակը պարզված է, անձնակազմի հետ գործողությունները տարվում են»,- նշել է ՊՆ փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը։
Լրագրողները Պն փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվել են, նաև թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները, արդյո՞ք դրանք հանպատրաստիւց են արվում:
«Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մեր տեղեկությունը, բայց այն, որ չհայտարարված էր, կան միջազգային համաձայնագրեր, որն Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել, մենք սովոր ենք հակառակ նման գործողություններին, որևէ լարվախություն չի առաջացրել, և մեր վերջին հայտարարությունը դրա հետ կապված պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա, բայց եթե մենք զգանք, որ նրանց գործողությունների արդյունքում մեր հանրապեություններին սպառնալիքն անմիջական է, կանպխարգելիչ միջոցատռումներն անմիջապես ձեռնարկվելու են»,- պատասխանել է Բալայանը:
Արմինե Գևորգյան