Բավ է պառակտվել
11-10-2019 19:14

Կալիֆորնիան խզել է տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հոկտեմբերի 3-ին ստորագրել է Թուրքիայի հետ տնտեսական կապերը խզելու մասին ակտը, տեղեկացրել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA)։

“Կալիֆորնիան հանդես է գալիս հանուն արդարության և հիշում է Հայոց Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն մարդկանց։ Եկեք այսօր և ամեն օր ապացուցենք, որ մենք երբեք չենք մոռանա և միշտ հանդես կգանք ատելության և չարագործությունների դեմ, որտեղ էլ որ դրանք չկատարվեն”,- ասել է Նյուսոմը։

Նշվել է, որ նախագիծը նախապատրաստել է նահանգի խորհրդարանի պատգամավոր Ադրին Նազարյանը, և այն գրեթե միաձայն ընդունվել է երկու պալատներում, չնայած CalPERS և CalSTRS համակարգերի կոշտ դիմադրությանը, որոնք հարյուր միլիոնավոր դոլար են ներդրել Թուրքիայի կառավարության թողարկած արժեթղթերի և պարտատոմսերի մեջ։

“Այսպիսով, Կալիֆորնիան, որը հանդիսանում է աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը, պարզապես ասել է Թուրքիային, որ նա դադարեցնի հայերի ցեղասպանության ժխտման իր նենգ արշավը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, նահանգապետ Նյուսոմին և բոլոր նրանց, ով իմ հետ միասին պայքարել է ցեղասպանության ժամանակ սպանված մեկուկես միլիոն հայի ճանաչման համար”,- ասել է Նազարյանը։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։