Բավ է պառակտվել
21-07-2021 09:54

Պատգամավորի 18 թեկնածու, այդ թվում՝ Փաշինյանը և Քոչարյանը հրաժարվել են մանդատից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հրապարակել է հաջորդ՝ ութերորդ գումարման խորհրդարանի մանդատներից հրաժարված պատգամավորների թեկնածուների ցանկը։
Ցանկում նշված է 18 մարդ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի ժ․պ․, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ երկրորդ նախագահ, «Հայրենիք» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Սմբատյանը նշել է ֆեյսբուքյան իր էջում, որ հուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուներն են․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
1․ Լիլիթ Մակունց
2․ Սուրեն Պապիկյան
3․ Արայիկ Հարությունյան
4․ Նիկոլ Փաշինյան
5․ Անահիտ Ավանեսյան
6․ Ռոմանոս Պետրոսյան
7․ Հովհաննես Հարությունյան
8․ Հակոբ Սիմիդյան
9․ Գնել Սանոսյան
10․ Համբարձում Մաթևոսյան
11․ Դիանա Գասպարյան
12․ Դավիթ Գևորգյան
13․ Նարեկ Մկրտչյան
14․ Արամ Խաչատրյան
15․Արարատ Միրզոյան
16․ Արմեն Փամբուխչյան

«Հայաստան» դաշինք
1․Ռոբերտ Քոչարյան
2․ Մարիաննա Եփրեմյան
Քոչարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշման մասին հայտարարել էր նախորդ օրը, հիմնավորելով, որ «բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել է գործադիր իշխանության մարդ»։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը հարկ համարեց նշել, որ խորհրդարան մտնելուց հրաժարվելը չի նշանակում դուրս գալ պայքարից։

Դաշինքի նրա դաշնակիցները որոշել են շարունակել պայքարը խորհրդարանական հարթակում: «Հայաստան դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը»,- ասվում է ֆեյբուքում հրապարակված հայտարարությունում։ Դաշինքում նշել են, որ ամբողջությամբ գիտակցում ենք իրենց պատասխանատվությունը իրենց ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։

Ազգային ժողով անցած մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի (հիմնադիրներ․ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան) դիրքորոշումը խորհրդարանում աշխատելու վերաբերյալ դեռևս հայտնի չէ։

Երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ դաշինքը նշել է, որ մտադիր է «հնարավոր բոլոր միջոցներով շարունակել պայքարը այս իշխանությունների կամայականությունների, ապօրինությունների զսպման ուղղությամբ՝ որպես գլխավոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիվ խաղաղություն և անվտանգություն բերելու առաջնահերթությունը»:

Ընտրությունների արդյունքները

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն ութերորդ գումարման խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ․ Վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը 53,91% արդյունքով (կստանա 71 մանդատ), ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.09%-ով (29 մանդատ) և «Պատիվ ունեմ» դաշինքը, որի առաջնորդն է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ 5.22%-ով (7 մանդատ)։

4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները վիճարկեցին ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։ Հուլիսի 17-ն ՍԴ-ն անփոփոխ թողեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը։

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա 2021թ․ հուլիսի 26-ին։