Բավ է պառակտվել
29-05-2019 23:10

ՍԴ դատավորի թեկնածուն պարզ էր ու շիտակ,բայց ԱԺ ֊ն չընտրեց նրան:

Ազգային ժողովի այսօր մեկնարկած հերթական նիստերի օրակարգում 10 ընտրության հարց կա: Ուշադրության կենտրոնում էր ՍԴ անդամի ընտրությունը։  

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Ներկայացնելով իր տեսլականը Սահմանադրական դատարանի մասին՝ Վաղարշյանն արդեն իր ելույթում ասաց, որ Սահմանադրական դատարանի դերը կարևոր է երկրում սահմանադրականության հաստատման հարցում:
Ի՞նչ կանի, եթե ընտրվի ՍԴ դատավորի պաշտոնում: Ի պատասխան Վաղարշյանը հիշեց թևավոր խոսքը՝ «Մի ծաղկով գարուն չի գա» ու հավելեց. «Ես կփորձեմ հասնել որոշակի փոփոխությունների, որից առաջինն է՝ Սահմանադրական դատարանի գործերով կայացված որոշումներում անպայմանորեն էական մասնակցություն ունենան ՍԴ անդամները, այլ ոչ թե ապարատը, իսկ անդամները ընդամենը հաստատեն այդ որոշումները»:
Վաղարշյանը ելույթում նշեց, որ  ինքը քաղաքականության հետ որևէ կապ չունի, քաղաքական խարդավանքների մեջ երբևէ չի եղել:
Իսկ դատարանների դեմ ակցիայի մասին  հարցին պատասխանելիս թեկնածուն կարծիք էր հայտնել, որ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը օրենքի հետ խնդիրներ ունի: Նույն կարծիքը պնդեց նաև եզրափակիչ ելույթում:  
«Ես չեմ հարգի այն իրավաբանին, որը կգա, կկանգնի այստեղ և կասի՝ այդտեղ խախտումներ չկան: Այդ իրավաբանը վաղը կգովաբանի ձեր խախտումները, ինչպես որոշ իրավաբաններ անում էին նախկին իշխանությունների օրոք»,֊ասաց Վաղարշյանը:
ՍԴ դատավորի թեկնածուն անկեղծացավ, ասաց,որ համալսարանական ընկերները զարմացել են իր՝ ՍԴ դատավորի անդամի պաշտոնում առաջադրվելու վրա:
« Նրանք պատկերացնում են,որ այստեղ ինչ-որ սատանայական գործարքներ են տեղի ունենում, ինչ-որ ուժերի հետ կապվածություն կա:  Բայց ես այստեղից հայտարարում եմ՝ պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում, այն էլ՝ այս  պատասխանատու պաշտոնին հավակնելու պահին: Որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ և որևէ քաղաքական խարդավանքներում մեջ չկամ: Ես ընտրել եմ շիտակ ու ազնիվ ճանապարհը »:

 Նշենք,որ Արթուր Վաղարշյանի անունը  հանրությանը շատ ծանոթ չէ: Իրավաբանական գիտությունների դոկտոր է: 2007-ից ղեկավարում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ամբիոնը:
Շուրջ 5 տարի դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:  Առաջադրվել է՝ հույսը դնելով իր պրոֆեսիոնալիզմի և մարդկային հատկանիշների վրա: Թեկնածուների առաջադրման պրոցեսին, ի դեպ,  մասնակցում է նախորդ տարվանից:
Հիշեցնենք,որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր  պաշտոնը չի համալրվում 2018 թվականիմայիսից: Այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանն արդեն 4-րդ անգամ է փորձում ՍԴ դատավոր ընտրել:
Վերջին երեք թեկնածուներին առաջադրել է հանրապետության նախագահը: 
Այսպիսով այսօր տեղի ունեցավ քվեարկությունը, որին մասնակցեցին 88 պատգամավոր։ Կողմ քվեարկեցին 30, դեմ 53 պատգամվոր։ Խորհրդարանը դարձյալ մերժեց ՀՀ նախագահի թեկնածուին: Ի դեպ, Վաղարշյանը ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված 5-րդ չընտրված թեկնածուն է։ 

 

Արմինե Գևորգյան