Բավ է պառակտվել
08-05-2019 21:09

Ժողովուրդը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը. Նիկոլ Փաշինյան


«Երբ ժամանակին ասում էի, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է ընտրվի վարչապետ, ծիծաղում էին: Բա ժողովուրդը պետք է որոշի, Հայաստանում այսուհետ ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի, համակերպվե՛ք: Հիմա ծիծաղում են, երբ ասում եմ՝ ժողովուրդը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»:

Այս մասին իր մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, եթե բանակցությունների արդյունքում լինի այնպիսի լուծում, որն արժանի համարի ժողովրդին ներկայացնելու, հնարավոր է, հանրահավաք, հանրաքվե կամ տեսաուղերձ լինի։

«Գնում ենք բանակցությունների, ասում են՝ «ծախում են», ծախողը դուք եք, ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի։ Մարդիկ, որ երկիրը թալանել են, գրում են՝ «գնաց բանակցությունների, հաստատ ծախում են», ո՞վ են դրանք ընդհանրապես, էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացածները, փեսեքին ու տղերքին միլիոնատեր դարձրածները, նրա՞նք են Ղարաբաղի հարցը լուծելու, նրանք չունենք բարոյական իրավունք, ինչ մեդալ ուզում է դոշներից կախած լինի, բանակ թանալածն իրավունք չունի Ղարաբաղի հարցից խոսի»,- նշեց վարչապետը։

Հարցին, թե ինչպե՞ս է ժողովուրդը որոշելու Արցախի հակամարտության հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կներկայացնեմ: Ես հնարավոր է՝ ներկայացնեմ ասուլիսով, տեսաուղերձով: Կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովո՛ւրդ ջան, հնարավոր է, որ հանրաքվե լինի՝ դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»:

Փաշինյանը վստահեցրեց,որ Կառավարությունը ԼՂ բանակցությունների հարցում հանրությունից գաղտնիք ունենալ չի կարող:

 

Արմինե Գևորգյան