Բավ է պառակտվել
11-05-2020 21:06

Կարոտած Կարեն Կարապետյանը ու նեղսրտած Անդրանիկ Քոչարյանը

 

Չհասցրեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իջնել ավտոմեքենայից, ինչպես լրագրողները հոծ խմբով շրջապատեցին նրան:

Նա նեղսրտեց, որ սոցիալական հեռավորությունը պահպանված չէ, բայց իր յուրահատուկ ժպիտով սեր խոստովանեց, ասաց որ կարոտել էր լրագրողներին
ԱԺ –ում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյան է։ Նա հերթական նախկին պաշտոնյան է ով հրավիրվել էր մասնակցելու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Ու մինչ լրագրողները վերծանում էին Կարեն Կարապետյանի խոսքեր, ու նա նիստից դուրս եկավ։

Ի տարբերություն այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մասնակցությամբ նիստերը տևել են 4, նույնիսկ` 6 ժամ, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստը տևեց մեկ ժամից քիչ: 
Իսկ Կարապետյանին հրավիրել էին հանձնաժողովի նիստին, քանի որ նա իր վարչապետության ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելանյութի պատճառով։
«Շատ աշխատանքային քննարկում էր, ես պատասխանում էի հանձնաժողովի հարցերին, քանի որ հանձնաժողովի նիստերը փակ են ու պարունակում են պետական գաղտնիք, ավել ասել չեմ կարող»,–ասաց Կարապետյանը։
Ավել ոչ մի բան չասաց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշեց որ Կարապետյանը տվեց հանձնաժողովին հետաքրքրող հարցի պատասխանը։
« Ուրիշ բան է, որ հանձնաժողովը միայն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովն ունի իր հետազոտությունները և այս հարցում շատ կարևոր է ՊԲ հրամանատարի բացատրությունը: Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ Պաշտպանության բանակի սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ»,–ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Ո՞վ է հաջորդ նախկին պաշտոնյան, որ հրավիրվելու է հանձնաժոողովի նիստին։
Քոչարյանը ասաց, որ դեռ հստակ որոշում չունեն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին խորհրդարան հրավիրելու, բայց հանձնաժողովի հաջորդ հրավիրյալն ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյան է ։
«Նամակն արդեն ուղարկել եմ։ Նալբանդյանն այս պահին Մոսկվայում է և անհրաժեշտության դեպքում պատրաստ են նրա մասնակցությունը հանձնաժողովի նիստին ապահովել տեսակապի միջոցով»։
Քոչարյանը խոստովանեց,որ հանձնաժողովի նկատմամբ ինչ-որ պահից սկսած փոխվել է վերաբերմունքը՝ թե՛ ընդդիմությունը ներկայացնողների, թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ:
«Սա արդյունք է նրա, որ հանձնաժողովը քաղաքական որևէ նպատակ չունի ապրիլյան դեպքերն ուսումնասիրելիս, կա ապրիլյան դեպքերը ճիշտ ուսումնասիրելու ցանկություն, և այդ ցանկությունը բավարարվել է: Եվ այսօր չկա մեկը, որ չուզենա գալ, բացառությամբ մեկ պաշտոնյայի: Ես այլևս որևէ անգամ չեմ դիմելու, և պարոն Խաչատուրովը ինքը թող որոշի՝ կգա թե չի գա»,- նշեց Քոչարյանը:
Լրագրողի հարցին, թե Մանվել Գրիգորյանին, Վիտալի Բալասանյանին կամ Սամվել Կարապետյանին քննիչ հանձնաժողով հրավիրելո՞ւ է, Քոչարյանը պատասխանեց, որ նրանք այդ ընթացքում որևէ պաշտոն չեն զբաղեցրել, և նրանց որոշումները չէին կարող ազդել ապրիլյան դեպքերի վրա:
«Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել այդ մեծ տարիքային խմբի աշխարհազորի մեր անձնակազմին, և նրանք օր առաջ հասել են դիրքեր՝ մեր զինվորների կողքին իրենց մասնակցությունը ապահովելով: Սամվել Կարապետյանի մասնակցությանը հանձնաժողովում անդրադարձել ենք: Կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը 116 դիրքը վերադարձնելու հարցում ունեցել է շատ կարևոր դերակատարում: Հիմա ես չեմ ուզում Կարապետյանի կամ Բալասանյանի մասնակցության հարցը քննարկել՝ այդ պարագայում իրավասու եղե՞լ է Աղդամի ուղղությամբ մեր զինված ուժերին համապատասխան հրահանգ իջեցնելուն, թե՞ ոչ: Դուք իմ տեսակետը լավ գիտեք՝ ինքն այդպիսի իրավասություն չի ունեցել: Հետո է պաշտոնապես անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել, նույնիսկ այդ պարագայում ինքը չէր կարող զինված ուժերի որևէ հրամանատարի կոնկրետ հրամաններ իջեցնել: Դրա համար կա Պաշտպանության բանակ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանը սակայն լրագրողներին մեղադրեց, որ խանգարեցին իրեն մի քանի հարցեր ուղղելու Կարեն Կարապետյանին, բայց հարցերը ոչ թե վերաբերվում էին հանձնաժողովի նիստին, այլ թե ինչո՞ւ է միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն։ Իսկ փոխարենը այդ հարցը Կարապետյանին ուղղեցին լրագրողները։
«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում։ Երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել, այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի։ Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է։ Ոչ մեկ չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք միայն ասում ենք՝ հանգամանքները հաշվի առնելով, պրոցեսը մեկ այլ կերպ իրականացրեք՝ խափանման միջոցը փոխելով»։
Հաջորդ հարցին՝ 2018 թվականի ապրիլի 22-ին ի՞նչ է պայմանավորվել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց, որ Փաշինյանի հետ ինչը պայմանավորվել են իրենց ներքին պայմանավորվածությունն է, ու այն չի խախտվել։
Հարցին՝ հետևո՞ւմ է երկրի ներկա տնտեսական և քաղաքական իրավիճակին, ինչպե՞ս կգնահատի Կառավարության աշխատանքը, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ որոշ առումով հետևում է:
«Այսօր Կառավարությանը մաղթում եմ հաջողություններ, որպեսզի այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գա: Բայց Կառավարության հետ շատ հարցերում համակարծիք չեմ»,- շեշտեց նա:

 

 

 

Արմինե Գևորգյան