Բավ է պառակտվել
20-07-2016 16:49

Կարո Եղնուկյանը ձերբակալվել է ՊՊԾ գունդը գրաված խմբին աջակցելու կասկածանքով

Ազգային անվտանգության ծառայությունը այս գիշեր ձերբակալել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու կասկածանքով:

«Կասկածվում է, որ վերջին օրերին, այսինքն՝ այս միջադեպից հետո, ինքը օգնել է կամ աջակցել է ինչ-որ ձևով այդ խմբի անդամներին: Այդ կասկածանքը վերաբերում է վերջին երկու-երեք օրերին, որ նա փորձել է ինչ-որ ձևով կապ պահպանել այդ խմբի անդամների հետ», - ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբանի խոսքով, ձերբակալման մասին որոշման մեջ անվտանգության ծառայությունը վկայակոչում է քրեական օրենսգրքի երկու հոդված․ - «Գրել են, որ կասկածվում է 218 հոդվածի 3-րդ մասով և 219 հոդվածի 3-րդ մասով, մեկը՝ պատանդ վերցնելն է, մյուսը՝ շինություններ, կապի ուղիներ և այլն զավթելը և զավթած պահելը»:

Կարո Եղնուկյանը, մինչդեռ, պնդում է, թե չնայած «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է, տեղյակ չի եղել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման մասին։ Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, նշեց, որ օրեր շարունակ իրավապահները փորձում էին մուտք գործել իրենց բնակարան, բայց համապատասխան որոշման բացակայության պատճառով ամուսինը դուռը չէր բացում։ Եվ միայն երեկ ԱԱԾ-ն խուզարկություն անցկացնելու մասին որոշմամբ մուտք է գործել իրենց բնակարան, խուզարկել անգամ սանհանգույցն ու առգրավելով համակարգիչները՝ ամուսնուն ձերբակալել։ Ռուզաննա Եղնուկյանի խոսքով՝ իրենք միայն առավոտյան սոցիալական ցանցերից են տեղեկացել «Սասնա ծռերի» կողմից ոստիկանական կառույցի գրավման մասին։

«Ուղղակի այդ դեպքերից հետո փորձել է ինչ-որ ձևով կապի մեջ լինել, որպեսզի կանխվի արյունահեղությունը», - նշեց նա: