Բավ է պառակտվել
19-09-2022 15:59

Քերոբյանը՝ Հայաստանի ուղու և Ադրբեջանի ագրեսիայի մասին. մենք պետք է զարգանանք այս «նոր նորմալ միջավայրում»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը պետք է զարգանա գոյություն ունեցող «նոր նորմալ միջավայրում»։

«Պետք է հասկանալ, որ այն միջավայրը, որում մենք ապրում ենք վերջին երկու տարիներին, դա մեր նոր նորմալ միջավայրն է, և մենք պետք է կարողանանք այս միջավայրում զարգանալ, ընդ որում՝ արագ զարգանալ։ Միջավայրը շատ արագ չի փոխվի։ Որևէ վստահություն չկա, որ նման բաներ (Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա սեպտեմբերի 13-14-ին՝ խմբ.) այլևս չեն կրկնվի»,- ասել է նա։

Տնտեսությունն աշխատում է ժամացույցի նման

Նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը լավ է աշխատում և վստահեցրել, որ բոլոր համակարգերը գործում են ժամացույցի նման, այդ թվում՝ այլ նախարարությունների մասով։

«Տնտեսությունն այժմ ամենակարևորն է, քանի որ տնտեսության գեներացված արդյունքը պետք է ապահովի բանակի պաշտպանունակությունը, մեր սահմանների տարածքային ամբողջականությունը և անկախությունը։ Մեր տնտեսության ամենակարևոր և ամենաուժեղ կողմը դրա ազատ լինելն է»,- ընդգծել է նա։

Ադրբեջանի ագրեսիայի հասցրած վնասը

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանական հարձակումից Հայաստանի տնտեսությանը հասցված վնասի նախնական հաշվարկ կա՞, Քերոբյանն ասել է, որ մինչ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի տնտեսությունը բավականին ակտիվ էր։ Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ, յոթամսյա կտրվածքով Հայաստանում տնտեսական ակտիվության 13,1% աճը եղել է ամենաբարձրներից մեկն աշխարհում, և, ըստ հաշվարկների, աճի տեմպերը բարձր են եղել նաև օգոստոսին, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում ցուցանիշները ռեկորդային մոտ են եղել։

«Բնականաբար, այս դեպքերը որոշակի ազդեցություն են ունենում տնտեսության վրա, և մենք գիտենք, որ այս շաբաթվա ընթացքում որոշ տնտեսվարողների առևտուրը իջել է 30%-ից զրոյի։ Բայց շատ կարևոր է, որ մեր տնտեսվարողները ոչ միայն չդանդաղեցնեն իրենց տեմպերը, այլև հնարավորինս արագ իրականացնեն նախատեսված ծրագրերը»,- ասաց նա։

Այս առնչությամբ նախարարը տնտեսվարողներին հորդորել է ոչ միայն չհետաձգել իրենց ծրագրերը, այլև ամրացնել ու մեծացնել դրանք, որպեսզի հնարավոր լինի բանակի մատակարարումներն ապահովել անհրաժեշտ քանակով և պահանջվող որակով։

Ինչպե՞ս է պետությունը չեզոքացնում ռիսկերը

Պատասխանելով ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ պետության գործողությունների մասին հարցին՝ Քերոբյանն ասել է, որ ներդրումները խթանելու բազմաթիվ ծրագրեր կան։

Այս առումով նա հիշեցրել է տնտեսության արդիականացման ծրագիրը, որը բաղկացած է երկու բաղադրիչից՝ սարքավորումների ձեռքբերման համար վարկի տոկոսների սուբսիդավորում և հայկական ընկերությունների կողմից արտասահմանյան պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավման նպատակով 20-70% աշխատավարձերի սուբսիդավորում։ ։

Նա նշել է նաև մեկ այլ կարևոր ծրագիր՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց», որի շրջանակներում պետությունը պատրաստ է ընկերություններին ենթակառուցվածքներ տրամադրել ապագա ներդրումների դիմաց։

«Ներդրողները շատ են հետաքրքրված այս ծրագրով։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք ներդրումների նկատմամբ «ախորժակը» պահել բարձր մակարդակի վրա»,- ասել է նա։

Ինչպիսի՞ն են ներդրումային հեռանկարները

Միաժամանակ Քերոբյանը խոստովանել է, որ այժմ դժվար է գնահատել ռազմական գործողությունների ազդեցությունը օտարերկրյա ներդրումների ծավալի վրա։

«Այն խոշոր ծրագրերը, որոնց մասին մենք վերջին շրջանում պարբերաբար խոսում ենք, ընթանում են նույն արագությամբ և տրամադրությամբ»,- ասել է նա՝ թվարկելով այնպիսի հարյուրավոր միլիոնների, եթե ոչ միլիարդավոր դոլարների նախագծեր, ինչպիսիք են երկրում նոր լեռնադահուկային համալիրի կառուցումը, Սևանա լճի ավազանում «Գագարին» նախագիծը։

«Անցյալ շաբաթ մենք ստորագրեցինք Համաշխարհային առևտրի կենտրոնի հայկական միջավայրի ստեղծման վերաբերյալ բազմակողմ հուշագիր, որը նախատեսում է առնվազն 100 միլիոն դոլարի ներդրումներ։ Թոսքը առևտրային համալիր մասին է, որը կկառուցեն առաջատար ճարտարապետական ​​ընկերություններն»,- ասել է նա։

Բացի այդ, նրա խոսքով, այժմ ընթացքի մեջ է արևային էներգիայի և հարակից ոլորտների մի քանի ընկերություններոի կազմում արևային կլաստերի կառուցումը։

Համերգները չեղարկել

Միաժամանակ նախարարը գործարարներին հորդորել է չչեղարկել նախատեսված ֆորումները, ցուցահանդեսներն ու համերգները։

«Համերգների և այլ միջոցառումների չեղարկումը հենց այն է, ինչ թշնամին է ուզում՝ մենք դանդաղեցնենք մեր ծրագրերը, մեր ներդրումները, դանդաղեցնենք մեր տնտեսական աճը»,- ասել է նա։

Ի՞նչ է արվելու տուժած համայնքների, մասնավորապես՝ Ջերմուկի բնակիչների համար

Պատասխանելով ադրբեջանական հարձակումից տուժած շրջաններում տիրող իրավիճակի մասին հարցին՝ նախարարն ասել է, որ վերջերս եղել է Վարդենիս քաղաքում և ծանոթացել իրավիճակին։

«Մենք նախատեսում ենք մշակել արագ տնտեսական աշխուժացման ծրագրեր հատուկ այս համայնքների համար, որպեսզի հնարավոր լինի հնարավորինս արագ չեզոքացնել այս հարձակման հետևանքով տեղի ունեցած հետընթացը և մարդկանց համար ստեղծել իրենց տնտեսական գործունեությունը զարգացնելու գրավիչ հնարավորություններ», - ասել է նա:

Ջերմուկի համատեքստում, որտեղ թշնամին այժմ, ըստ պաշտոնական թվերի, քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա է, Քերոբյանն ասել է, որ արվում է հնարավորը Հայաստանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու համար։

«Մենք հասկանում ենք, որ նման գործողությունները սպառնում են տնտեսական ակտիվությանը քաղաքներում, որոնց մասին մենք շատ ենք լսել վերջին շաբաթվա ընթացքում: Եվ մենք մեր օրինակով պետք է փորձենք այնպես անել, որ այս քաղաքներում վերականգնվի տնտեսական ակտիվությունը, այդ թվում՝ Ջերմուկում հանգստի կազմակերպումը»,- ասել է նա։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարից հետո իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։

Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 135 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է Ադրբեջանի կողմից գերեվարված առնվազն 10 զինծառայողի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում ռազմական դրություն մտցնելը նպատակահարմար չէ։