Բավ է պառակտվել
03-03-2022 20:00

Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում զիջումների չի գնա տարածքային ամբողջականության հարցում

Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Ուկրաինան չի զիջի տարածքային ամբողջականության հարցերում, այլ կքննարկի հումանիտար միջանցքների ստեղծումը, հրադադարը և վերադարձը իրավիճակին, որը եղել է մինչև Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկն։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք չենք զիջի մեզ համար կարևորագույն հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է»,- ասել է նա «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ուկրաինական ԱԳՆ ֆեյսբուքյան էջում։ «Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Ուկրաինան աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ», - ասել է նա։ «Անխոս, մենք շահագրգռված ենք, որ կրակը դադարեցվի, վերադառնանք այն իրավիճակին որը եղել է մինչև ռուսական ագրեսիայի մեկնարկը՝ ՌԴ օկուպացիոն ուժերի ներկայության առումով»։

Նախարարի խոսքով՝ «այժմ վաղ է կանխատեսել, թե կոնկրետ ու կհասնենք բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով Ռուսաստանի այն դիրքորոշումները, որոնք հայտարարվել են»։ «Եկեք հաջողություն մաղթենք մեր բանակցողներին, եթե Ռուսաստանը, ինչպես ասում են, բարեխղճորեն մոտենա այս բանակցություններին, ապա հնարավոր կլինի ինչ-որ լուծումներ գտնել»,- եզրափակել է նա։

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները արդեն սկսել են բանակցությունների երկրորդ փուլը Բելովեժսկայա Պուշչայում, այն հեռարձակում է BelTA հեռուստաալիքը։ Մինչ բանակցությունների մեկնարկը պատվիրակությունների անդամները իրաի ձեռք են սեղմել։ Հինգշաբթի ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների վայր է ժամանել ուղղաթիռով։

Փետրվարի 28-ին Գոմելի մարզում կայացել են ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։