Բավ է պառակտվել
08-02-2022 10:46

Չինաստանը հանդես է եկել ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ

ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչությունը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և անօգուտ է համարում իբր գլոբալ անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան ջանքերը։

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովել աշխարհում անվտանգությունն ու կայունությունն»,- ասվում է գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում ասվում է, որ դաշինքի նման փորձերը «միայն նպաստում են քաղաքական դաշինքների ձևավորմանը և ռազմական ոլորտում առճակատման առաջացմանը»։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին հրաժարվել «սառը պատերազմի» մտածողությունից և գաղափարախոսությունից, հարգանք ցուցաբերել այլ երկրների ինքնիշխանության, անվտանգության և շահերի, նրանց քաղաքակրթությունների, պատմության և մշակույթների տարբերությունների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն սառը պատերազմի արդյունք է,- ասվում է հայտարարությունում,- չինական կողմը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների բռնի ընդլայնմամբ»: Հայտարարության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջպետական ​​վստահությունն ամրապնդելու, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն իսկապես պաշտպանելու համար»։

Երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Չինաստանի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը Պեկինում երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով պետք է դիտարկել որպես «ինքնիշխան երկրների՝ պաշտպանական դաշինքների վերաբերյալ անկախ ընտրություն կատարելու իրավունքը ժխտելու փորձ»։ Նա ընդգծել է, որ «դաշինքի դռները բաց են մնում»։

Փետրվարի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը։ Ուրբաթ նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան՝ կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր։ Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ըդունվել է Մոսկվայի և Պեկինի համատեղ հայտարարություն նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ։