Բավ է պառակտվել
05-05-2023 20:05

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցություններում առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։

«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը», - ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են:

«Հաջորդը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ, ինչպես պետք է այդ տարընթերցումները լուծվեն, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի է առնվում և միջազգային մեխանիզմները, և տեղայինը, մասնավորապես զորքերի ետքաշման հետ կապված, արդյոք մենք չպետք է ունենանք ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Իհարկե, կա որոշակի շարժ, եթե նախկինում կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը 1 կմ էր, հիմա՝ 990 մետր, դա շարժ է, բայց հսկայական տարբերություն դեռ կա», - նշել է վարչապետը:

Հարցին Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Փաշինյանը պատասխանել է՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։

Միևնույն ժամանակ, վարչապետը պնդել է, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։
Փաշինյանը նշել է, որ Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։
«Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա կարդանք, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։ 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշեց վարչապետը։
Ճշգրտող հարցին՝ Սոչիում նման փորձ չեղա՞վ՝ Փաշինյանը կրկնեց իր պատասխանը, որ նման փորձ Մոսկվան այլևս չի արել։
«Որ պահին, որ դա դրվի սեղանին, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչքանո՞վ է հետապնդում էդ տարբերակը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։