Բավ է պառակտվել
16-12-2021 22:08

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին». 14 կուսակցությունների հայտարարությունը

Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ փորձում է զավթել իշխանությունը տեղերում:

Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում,Գյումրիում,Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումներն ու սպառնալիքները ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են, այլ նաև հետապնդում են հստակ նպատակներ՝ գողանալ ժողովրդի վստահության քվեն, լռեցնել Հայաստանը կործանման տանող՝ մեկ անձի քաղաքականությանը ընդդիմացող գործիչներին և ոչնչացնել տեղերում դիմադրության օջախները: Նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին՝ փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին:

Կեղծ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկած ուժը միջազգային հանրության աչքի առաջ, Հայաստանում դիվանագիտական ներկայություն ունեցող և ժողովրդավարական արժեքները դավանող միջազգային կազմակերպությունների և երկրների լռելայն համաձայնությամբ, գործադրում է հակաժողովրդավարան մեթոդներ ու անթաքույց հաստատում բռնատիրություն:

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։

Թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետությունում բռնապետական կարգերի հաստատում։

16.12.2021 թ.
« Ազատություն » կուսակցություն
« Ազգային Անվտանգություն » կուսակցություն
« Ազգային Ժողովրդավարական Միություն
« Երկիր Ծիրանի » կուսակցություն
«Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական Կուսակցություն
« Ժողովրդավարական Ուղի » կուսակցություն
«Համերաշխություն» Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
«Մեկ Հայաստան» կուսակցություն
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն
« Քրիստոնեա-Դեմոկրատական » կուսակցություն

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար: