Բավ է պառակտվել
22-06-2021 11:12

Քոչարյանը՝ նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մանդատներ վերցնելու մտադրության և հետագա պայքարի մասին (տեսանյութ)

Երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախազգուշացրեց, որ իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ամփոփեց անցած ընտրությունների արդյունքները և կիսվեց իր նկատառումներով դաշինքի ներկայացուցիչների՝ մանդատները վերցնելու մտադրության շուրջ:

«Ընտրությունների արդյունքները մեզ համար անսպասելի էին: Հարցումները այլ պատկեր էին ցույց տալիս: Եղել են զանգվածային խախտումներ, վարչական ռեսուրսի օգտագործում: Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար: Մեր շտաբները նյութեր են հավաքում, և մոտ օրերս պարզ կլինի մասշտաբը», - ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ այս իշխանության ստացած մանդատը վստահության մանդատ չէ: Նա նաև կարծիք հայտնեց, որ իր դեմ խաղաց նաև «նախկին իշխանությունների» գործոնը, քանի որ ընտրություններին մասնակցել են երեք նախկին նախագահները:

«Մենք չկարողացանք դա հաղթահարել, քանի որ ընտրարշավը կարճ էր: Իշխանությունները մարզերում բարձր արդյունքներ գրանցեցին: Դա հեղափոխության վերջին փամփուշտն էր, բայց ես վստահ չեմ, որ իշխանությունները ճիշտ են գնահատում իրավիճակը` սա ընկալելով որպես նոր մանդատ։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք պարտվել ենք՝ ասեմ հետևյալը. սրանք նախագահական ընտրություններ չեն: Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն հաղթահարել շեմն ու չեն անցել խորհրդարան», - ասաց Քոչարյանը:

Նա նաև մեկնաբանեց մանդատներ վերցնելու լայն քննարկվող հարցը:

«Մենք առայժմ դաշինքում վերջնական որոշում չենք կայացրել։ Քննարկումների ընթացքում Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն արեց։ Մարտական գործողությունների ժամանակ, եթե խնդիրը լրիվ չի լուծված, բայց խրամատները վերցված են, պետք է ոչ միայն պահել, այլև ամրացնել դրանք հետագա գրոհի համար։ Սա կարելի է կիրառել նաև այս իրավիճակում», - ասաց Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ իրենք ստացել են նոր լուրջ հնարավորություն պայքարը շարունակելու համար:

«Կշարունակենք մեր պայքարը: Խորհրդարանական պայքարը կարող է ուժեղացնել, այլ ոչ թե փոխարինել փողոցային պայքարին։ Մենք ունենք ակտիվ համակիրներ, փողոցային պայքարի մեծ փորձ: Այս ընտրություններն էապես փոխեցին քաղաքական դաշտը: եր մուտքը քաղաքական պայքարի մեջ ցունամիի պես մի բան էր քաղաքական դաշտում։ Տեմպը պահելու ենք, դինամիկան պահելու ենք, համոզված ենք, որ հնարավորություններ ունենք նաև մարդկային պոտենցիալի ու ինտելեկտուալ հնարավորությունների առումով», - ասաց Քոչարյանը:

Իշխանությունների երեկվա հանրահավաքից հետո տպավորություն ստեղծվեց, որ նրանք աշխատելու են նույն ոգով, ինչպես 3 տարի։

«Եթե նրանք շարունակեն նույն ոգով, նույն վենդետաներով, ես չեմ կասկածում, որ Հայաստանը կհայտնվի ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև: Եվ դա երկար չի տևի», - ասաց Քոչարյանը: