Բավ է պառակտվել
28-09-2022 13:38

Քոչարյանը՝ Հայաստանի ամենախոցելի մարզի, դրա նկատմամբ Իրանի հետաքրքրության և անվտանգության նոր ձևաչափի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի «ամենաթույլ» հատվածն այժմ Սյունիքի մարզն է։

«Սա այն տարածքն է, որի նկատմամբ ամենաշատ հավակնություններ են ներկայացնում Ադրբեջանն ու Թուրքիան, և դա ակնհայտ է դառնում: Հարց։Հայաստանից բացի, ո՞ր երկրի համար է կարևոր Սյունիքը․ Իրանի»,- ասել է Քոչարյանը ասուլիսում։

Նա հայտարարել է, որ միակ երկիրը, որը, բացի հայտարարություններից, կարող է գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում, Իրանն է։

«Երկու տարվա ընթացքում այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել, առնվազն երկու զորավարժություն պետք է անցկացվեր Իրանի հետ Սյունիքում, այս ընթացքում պետք է ինչ-որ պայմանագրային հիմք ստեղծվեր Իրանի հետ, և այս ամենը կլիներ Ադրբեջանի համար ամենամեծ զսպող գործոնը»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ 2021 թվականի մայիսին Իրանի հետ շփումներ են եղել, բայց հետո հայկական կողմը սառեցրել է այս գործընթացը։

«Հիմա էլ ուշ չէ, մենք պետք է որոշակի վճռական քայլեր ձեռնարկենք՝ գիտակցելով, որ պետք է համոզել Ռուսաստանին։ Խոսքը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չէ, սա կլինի հերթական հիմարությունը, քանի որ կան զենքի գնման պայմանավորվածություններ։ Պարզապես լրացնել մեր անվտանգության համակարգը նոր բաղադրիչներով։ Վստահ եմ, որ հնարավոր է համոզել ռուսական կողմին և ձևավորել նոր եռակողմ ձևաչափ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան»,- ասել է երկրորդ նախագահը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին

Լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են շրջանառվում ճանապարհների հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին (Ադրբեջանը դրանք անվանում է «միջանցքներ»), որոնք ենթակա են ապաշրջափակման 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Պաշտոնական Երևանը, մասնավորապես, ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հայտարարել է, որ միջանցքային տրամաբանության մեջ ոչ մի հարց չի քննարկվում, և որ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբն արձանագրել է, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհները կլինեն այն պետության ինքնիշխան տարածք, որով նրանք անցնում են։

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում (սահմանակից է Իրանին)․ այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմովբիլային ճանապարհ և երկաթուղի։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել. Երևանը մերժում է «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցություններ վարելու հնարավորությունը։