Բավ է պառակտվել
22-07-2021 09:39

Քոչարյանը բացատրել է, ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը և ինչո՞ւ չի գործում Հայաստանը

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանը դիմում սրացման և ինչու է Հայաստանն անգործության մատնված։
Հուլիսի 14-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերապար գնդակոծում է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Երասխ գյուղը (սահմանակից է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի հետ)։ Երասխով է անցնում Մ2 միջպետական մայրուղին, որը միացնում է Հայաստանի հարավը հյուսիսի հետ և շարունակվում մինչև Իրանի հետ սահման։ Երասխից արևմուտք հայ-թուրքական պետական սահմանն է։

«Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը։ Ռուսական կողմի միջամտությամբ այդ ծրագիրը կիսատ մնաց։ Հիմա այո, փորձելու են տարբեր ճնշումներով հասնեն իրենց նպատակին։ Մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով, և կարծում եմ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա․ ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Այսօր պարտվողական հոգեբանություն է տիրում մեր ժողովրդի մի մասի մոտ», - ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով, վերջին ամիսներին Հայաստանի նկատմամբ միջազգային մակարդակում արվում են ստորացուցիչ հայտարարություններ, ինչին երկիրը չի պատասխանում։

«Մենք սովորեցրել ենք մեր թշնամուն նրան, որ մեզ հետ կարելի է վերաբհերվել նման կերպ։ Իմ տպավորություններով, այդ ամենն օգտագործվել է Հայաստանի կողմից ներքաղաքական նպատակների համար», - ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկում բնակչության վախը նոր պատերազմի առաջ, օգտագործելով այն իրենց նպատակների համար։

Նա նշել է, որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում բանակում, որն անվտանգության երաշխիքն է։ Մինչ օրս հաշված չեն Արցախի պատերազմի հետևանքով կրած մարդկային և նյութական կորուստները։ Չեն երևում բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված քայլերը։
Նա հեգնանքով արձագանքեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի նախօրեին հայտարարաված պաշտոնաթողությունից հետո Արշակ Կարապետյանին գերատեսչության ղեկավար նշանակելու մասին շրջանառվող լուրերին: