Բավ է պառակտվել
28-09-2022 15:00

Քոչարյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին. համախմբումն իրականացվում է հաղթանակի, այլ ոչ կապիտուլյացիայի համար

Ճակատագրական ժամանակաշրջաններում պետությունների ձեռնարկած քայլերից մեկը համախմբումն է վեհ նպատակներին հասնելու համար, ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այժմ ի՞նչ մտքեր են հնչում։ «Միավորվենք՝ օգնելու դժվար որոշում կայացնել»: Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար։ Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա։ Կապիտուլյացիայի համար պետք է հակառակը` դեկոնսոլիդացիա»,- ասել է նա՝ հավելելով, որ իր համար հասկանալի չէ` սա նպտակային է արվում, թե չգիտակցելով։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է պայմանագրեր ստորագրի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև նշել, որ հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած լուրջ խնդիրները և պահանջվող ցավոտ լուծումները, կարևոր է բոլոր ուժերի համախմբումը և կառուցողական երկխոսությունն իշխանության և ընդդիմության միջև։

«Կապիտուլյացիան հանրության մեջ առաջացնում է դեգրադացիա ու անզորության զգացում։ Սա է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել»,- ասել է Քոչարյանը։

Ինչ վերաբերում է իշխանության շուրջ համախմբվելուն՝ նախկին նախագահն ասել է, որ հանրային կոնսոլիդացիան հարկավոր է ժողովրդի կամքը պահանջող վեհ խնդիրների շուրջ։

«Այս համատեքստում իշխանափոխությունը հրամայական պահանջ է, և դա կարող է քննարկվել հանրային դաշտում։ Մի բան պարզ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է։ Մենք պետք է փոխենք այս միջավայրը»,- շեշտել է նա։

Միևնույն ժամանակ, խոսելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին, Քոչարյանը հերքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե վերջինս ընթերցել է իշխանությունների հետ երկխոսություն սկսելու իր առաջարկը։ Ընդ որում, Քոչարյանը ձեռնպահ է մնացել հանդիպման մանրամասները հայտնելուց։

Սեպտեմբերի 22-ին կայացել է Կաթողիկոսի հանդիպումը Հայաստանի նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Սուրբ Էջմիածնի դիվանապետության պաշտոնական հաղորդագրության մեջ քննարկման որևէ մանրամասներ չեն նշվել։