Բավ է պառակտվել
11-02-2021 18:38

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ

ԱԺ–ում այսօր քննարկում էր քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակ իմքայլական Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է զրպարտանքի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը սահմանել  նվազագույն աշխատավարձի մինչև 3000-պատիկի չափով, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2000-պատիկի: Օրինագիծը բավականին բուռն քննարկվեց։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով նախագծի հեղինակին, ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, դուք արդա՞ր եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի Ձեր նպատակներում»։
Մի քանի վայրկյան լռությունից հետո Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես միշտ ազնիվ եմ, և կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաև հաճախ դուք ինձ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե անգամ ես ցանկանամ ազնիվ չլինել»։
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ շատ ուրախ է Ալեն Սիմոնյանի վերածննդի համար։
Ընդդիմադիր պատգամավորների համար զարմանալի էր հատկապես այն, որ նախագիծը ներկայացնում է իշխանական պատգամավորը։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ, անդրադառնալով նախագծին, ասաց. «Էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի ու զրպարտութան մասին»։
Վերջինիս խոսքով այս դահլիճում կան մարդիկ, որ անբարոյականության մարմնավորում են, և ամեն առավոտ ինչ-որ մեկի գլխին բերում են այդպիսի պատմություն։ Մենք հիմա այս նախագիծը քննարկում ենք, քանի որ խնդիրը ձեր դուռն էլ չոքեց։ Որտե՞ղ է այն սահմանը, որ անհաղթահարելի էր նույնիսկ խուլիգանի համար։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նկատեց, որ այս դեպքում պետք է իմանալ՝ ո՞վ է այն մարդը, որ պայքարում է զրպարտության դեմ, արդյո՞ք նա այն մարդը չէ, որ իր հարցազրույցներում, սոցիալական հարթակներում... զրպարտում ու վիրավորում էր իր ընդդիմախոսներին։ Արդյո՞ք այդ մարդը չէ, որ 2 տարի շարունակ խրախուսել է այդ մշակույթը ՀՀ-ում»։ Նրա խոսքով, այլևս որևէ իմաստ չունի բերված նախագիծը քննարկելը։
«Եթե ազնիվ եք ինքներդ ձեր հետ, ապա նախ պայքարեք ինքներդ ձեր դեմ, ապա նոր առաջարկեք մեզ գաղափարներ։ Սա չի կարող ընդունելի նախագիծ լինել, քանի որ սրա հիմքում չկա ազնվություն»,- ասաց Անի Սամսոնյանը։
Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ նախագիծը շատ լավն է, բայց այն իրողությունները, որ մենք ունենք, գիտե՞ք ինչի մասին է։
Պատգամավորը նշեց, որ ինքը զրպարտված և վիրավորված է մոտեցել ԱԺ ամբիոնին։
«Ես 8 տարվա մեջ այնքա՜ն եմ զրպարտվել, այդ թվում և իմ պատգամավոր գործընկերների կողմից։ Հիմա գիտեք հարցը որն է, որ թերթերին դատի են տալու, իսկ ֆեյքերի ֆաբրիկան շարունակելու է աշխատել։ Բա այդ ֆեյքերի ֆաբրիկաներն ի՞նչ անենք։ Ավելի հեշտ է ջենտլմենական պայմանավորվածության գնալ. իշխանությունն իր ֆեյքերի ֆաբրիկան անջատում է, նախկիններն էլ խոստանում են, որ իրենցն են անջատում։ Ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանալ։ Ասենք դուք Ռեգինա Պռազյանին անջատեք, իրենք՝ չգիտեմ ում»,- թեքվելով դեպի ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասաց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի խոսքն ուղեկցվեց Ալեն Սիմոնյանի ծիծաղով։
Իսկ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով վերջերս լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, անդրադառնալով այս նախագծին, նկատեց․ «Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։ Ավելի վաղ նա ՖԲ գրառում էր կատարել․
«Իմ Քայլից» դուրս գալու օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու և բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին, Քոչարյանին և այլն և որ ամենակարևորն է վերցրել եմ 50. 000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։ Մինչև «Իմ Քայլից» դուրս գալս էլ ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս»։ Հիմա, որ էս ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահի այդ 50.000$ գա տեղն ընկնի»։

Արմինե Գևորգյան