Բավ է պառակտվել
20-04-2020 13:08

Վարչապետի թիմը կոմպետենտ չի

Ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ, խոհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին:
«Տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել՝ պրոֆեսիոնալիզմի տիրույթից, անփությության կամ նույնիսկ դիտավորության։ Մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որոնք ոչինչ չեն ասում անձնակազմի համար, բայց դա կարևորագույն խնդիր կարող էր լինել զուտ անվտանգության տեսանկյունից։
Հարցին `թե մամուլի խոսնակը ևս պիտի տեղյակ լիներ և հետևեր ազդանշանին, Մակունցն ասաց․ «Ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհտեև վարչապետի մամուլի խոսնակը հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ ունի, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը։ Այդ մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, որը դա իրականցնում է»։
Թեմային անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանը, ասելով որ կադրերի արտահոսքը խոսում է այն մասին, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ քաղաքացիների համար զգայուն ինֆորմացիան պահպանի։

Երբ «Լուսավոր Հայաստանը» հեռախոսով տեղորոշման օրենքի դեմ էր գնում, ասում էր՝ «դուք այդ կարողությունը չունեք։ Անգամ եթե հավատանք, որ ի չարս չեք օգտագործելու, կարող ա ձեր մոտից այդ տեղեկատվությունը դուրս գա, ուրիշները ի չարս օգտագործեն»։ Այս դեպքերը ապացուցում են այդ հանգամանքը։ «Նորմալ է, երբ ուղիղ եթերից առաջ մարդը մազերն է ուղղում և այլ նախապատրաստական աշխատանքներ անում, խնդիրն այստեղ կոմպետենտ թիմ չունենալն է»,–ասաց Մարուքյանը։:
ԲՀԿ –ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան էլ նշեց, որ տեղի է ունեցել անընդունելի բան, դա եղել է ոչ պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի արդյունք։
«Եթերից առաջ տալ երկրի առաջին դեմքի նախապատրաստությունները, անընդունելի է, լինի դա դիտավորություն, թե ոչ», - ասաց Զոհրաբյանը։
Հարցին, թե ովքե՞ր պիտի պատասխանատվություն կրեն, պատգամավորն ասաց․
«Ինչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի անպայման կրեն պատասխանատվություն, այդ թվում նաև վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետև նրանք պիտի վերահսկեին ամբողջ գործընթացը»։

Հիշեցնենք, որ վարչապետի ուղիղ եթերից առաջ նախապատրաստական փուլի կադրերը հայտնվել էին համացանցում։ Վարչապետի մամուլի խոսնակը մեղադրել էր Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով, որ վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելը պիտի լիներ ոչ շուտ քան ուղիղ եթերից մի քանի վայրկյան առաջ։ Իսկ Հ1-ի աշխատակից Վարդան Հակոբյանն էլ արձագանքել էր մամուլի խոսնակի հայտարությանը ասելով, որ ի պաշտոնե իրենց պարտականությունների մեջ չի մտնում զգուշացնել վարչապետին ուղիղ եթերի մասին։

 

 

Արմինե Գևորգյան