Բավ է պառակտվել
08-11-2021 17:14

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Արցախում պատերազմի ավարտից հետո մարդու իրավունքների պաշտպանության 8 առաջարկություն է ձևակերպել

Արցախում ռազմական գործողություններին վերջ տված եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է հուշագիր՝ մարդու իրավունքների վիճակի և հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Նա ձևակերպել է ութ առաջարկություն՝ մարդու իրավունքների պաշտպանության հրատապ գործողությունների համար:

Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքներ հասանելիությունը մնում է ծայրահեղ սահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնող առաքելությունների առաջ, և որ այդ առաքելություններն ավելի հաճախ են խոչընդոտների հանդիպում։ Նրա խոսքով, Նրա խոսքով, հակամարտությունից տուժած բոլոր տարածքների հասանելիության հարցը պետք է լուծվի առաջնահերթության կարգով։

Հանձնակատարը կոչ է անում իշխանությունների ներկայացուցիչներին մշակել արդյունավետ և ճկուն պայմաններ մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար՝ բոլոր նրանց համար, ովքեր մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության հրատապ կարիք ունեն:

2020 թվականի մարտական գործողությունները ստիպեցին տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր ապրում էին հակամարտության գոտում կամ մոտակայքում, լքել իրենց տները՝ ավելացնելով 1990-ականներին հակամարտությունից տեղահանվածների շարքերը:
«Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է հակամարտության պատճառով և ներկայումս բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն հարկադրված լինի վերադառնալ իր նախկին տունը», - նշել է հանձնակատարը։
Նա շեշտում է, որ վերադարձը պետք է լինի կամավոր և պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադառնալ ցանկացողներին պետք է տրամադրվի հավաստի տեղեկատվություն՝ իրազեկված որոշում կայացնելու համար:

Հանձնակատարը նաև տեղյակ է տարածաշրջանի ականապատման բարձր մակարդակի մասին և խորը ափսոսանք է հայտնում, որ դրանք շարունակում են սպանել և լրջորեն վիրավորել բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց ռազմական գործողությունների ավարտից հետո։ Նա հորդորում է կողմերին համագործակցել և տվյալների փոխանակում կատարել՝ հեշտացնելու ականզերծման գործընթացը: Հանձնակատարը նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերացնել սովորական սպառազինության օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և հարակից արձանագրությունները:

Հանձնակատարը նաև նշում է, որ ռազմագերիների, մասնավորապես Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները երկու երկրների միջև։ Հետևաբար, խիստ կարևոր է ապահովել, որ բոլոր՝ դեռևս գերության մեջ գտնվողները ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև դյուրացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

«Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության հետևանքների ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամներին կամ անհայտ կորածների հարազատներ են: Այս առումով անհրաժեշտ է ավելի ակտիվ փոխգործակցություն երկու կողմերի հետ՝ հաղորդակցությունը բարելավելու, միասնական տվյալների բազա ստեղծելու և մարդկային մնացորդների հայտնաբերման և նույնականացման հնարավորությունները մեծացնելու համար»,- ասվում է հուշագրում:
Բացի այդ, հանձնակատարը արժանահավատ զեկույցներ է ստացել ՀԿ-ներից, հակամարտության զոհերից և նրանց հարազատներից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Նա ընդգծում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի և

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ պետությունները իրավական պարտավորություն ունեն պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար մեղավորներին։

Ավելին, հանձնակատարին հատկապես անհանգստացնում են բնակավայրերի՝ անկանոն գնդակոծման մասին հաղորդումները, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց մահվան և լուրջ վիրավորումների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ինչպիսիք են անխտիր և/կամ անհամաչափ հարձակումները արդյունավետ հետաքննություն, բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել լիարժեք և արդյունավետ փոխհատուցում բոլոր զոհերին:
Վերջապես, հանձնակատարը ընդգծում է, որ երկու երկրներում էլ հանրային բանավեճն ավելի ու ավելի է աչքի ընկնում թունավոր, թշնամական, անհանդուրժող և բացահայտ անհարգալից տոնով:
«Ագրեսիայի» մշտական հռետորաբանությունը կամ «թշնամիներ» բառերի օգտագործումը մյուս կողմի մասին խոսելիս, միայն նպաստում է բաժանարար գծերի հակառակ կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության պահպանմանը», - հավելել է հանձնակատարը:

Նա առաջարկում է անդամ պետություններն վճռական գործողություններ ձեռնարկել՝ կանխելու և պայքարելու ատելության հրահրման դեմ և աջակցելու նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտությանը: