Բավ է պառակտվել
21-10-2021 10:51

Սենատի հանձնաժողովը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին 2մլն դոլար հատկացնել Արցախի ականազերծման համար

Սենատի հատկացումների հանձնաժողովը կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել աջակցությունը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ականազերծման գործում և մտահոգություն հայտնել Կովկասում տեղի ունեցող անկարգությունների կապակցությամբ: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA), այս մասին ասվում է ԱՄՆ-ի 2022 ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծում, որը երկուշաբթի ներկայացվել է օրենսդիրների քննարկմանը:

«Կոմիտեն առաջարկում է մինչև 2 միլիոն դոլար հատկացնել հումանիտար ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման համար այն տարածքներում, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով 2020 թվականին՝ հատկացումների հանձնաժողովների հետ նախնական խորհրդակցության պայմանով», - ասվում է օրինագծին կից զեկույցում։

Փաստաթղթում նաև մտահոգություն է պարունակվում Հայաստանի և Ադրբեջանի միջև «ձգձգվող հակամարտության» կապակցությամբ և խնդրանք Պետքարտուղարին խորհրդակցել հատկացումների հանձնաժողովների հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնություն տրամադրելուց առաջ:

«Մենք խորապես մտահոգված ենք, որ մինչ օրս USAID -ն տրամադրել է լրացուցիչ ընդամենը 2,5 մլն դոլար՝ ԱՄՆ-ից 120մլն դոլար ռազմական օգնություն ստացած ադրբեջանական բանակի պատճառով հայրենիքից տեղահանված 100,000 հայերին օգնելու համար»,- ասել է ANCA-ի տնօրեն Արամ Ամպարյանը։

Նա շեշտել է, որ ամերիկահայ համայնքը կշարունակի աշխատել Հատկացումների կոմիտեի անդամների հետ` Արցախին ԱՄՆ-ի կենսական օգնությունը ընդլայնելու և 907-րդ փոփոխությունը երկարաձգելու միջոցով Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնությունը դադարեցնելու համար:

Հուլիսի 28-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված 2022 ֆինանսական տարվա համար ԱՄՆ արտաքին օգնության օրինագիծը նախատեսում է առնվազն 50 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության համար, ինչպես նաև առնվազն 2 միլիոն դոլար ՝ Արցախում ականազերծման համար: