Բավ է պառակտվել
29-07-2022 12:49

ԱՄՆ սենատի հանձնաժողովն առաջարկում է 60մլն․ դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2մլն․ դոլար՝ Արցախին

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով առաջարկվում է 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար, այսպիսով հաստատելով «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը (որն արգելում է ԱՄՆ կառավարությանն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ խմբ․)։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարի մամլո ծառայությունը։

Կոմիտեի զեկույցում, մասնավորապես առաջարկվում է հատկացնել «մինչև 2.000.000 ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած տարածքներում ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար, պայմանով, որ նախնական խորհրդակցություն անցկացվի Հատկացումների կոմիտեների հետ», ինչպես նաև տրամադրվի «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանվածների համար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովը կոչ էր արել 2023 ֆինանսական տարվա արտաքին օգնության օրինագծի շրջանակներում 60 մլն․ դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) ականազերծման համար։ Առաջարկվում է նաև ֆինանսավորում հատկացնել Պետդեպարտամենտի և Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) հատուկ զեկույցի պատրաստմանը՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքով մարդասիրական կարիքները բացահայտելու համար։