Բավ է պառակտվել
20-01-2021 21:55

«Համակարտությունը մտել է մի նոր փուլ». Այվազյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին

Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ:
«Դա վկայում է, որ, հավանաբար, հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարագ ձևավորել», - նշեց նախարարը: Այդ առումով նա կարևորեց իր այցն Արցախ:

Անդրադառնալով Ալիևի մեկ այլ հայտարարությանը, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն, Արա Այվազյանը նշեց, որ անկախ որևէ բանից Շուշին հայկական մշակութային կենտրոն է. թե ով ինչ է հայտարարում՝ մենք չենք համաձայնելու պնդումներին:
Նախարարը անդրադառնալով առաջնահերթություններին՝ ասաց, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և բանակցությունները վարել այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

«Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրեր: Միջազգային հանրության կողմից, միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումը Արցախին, և վերջինը վերաբերում է մեր մշակութային ու կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասաց ԱԳ նախարարը:

Արմինե Գևորգյան