Բավ է պառակտվել
28-03-2019 14:03

Ամերիկացի 35 կոնգրեսական կոչ է արել 100մլն․դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 35 կոնգրեսական միացել են ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցի կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոունիի կոչին 100մլն․դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին։ Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA).

Առաջարկվել է օգնությունը բաշխել հետևյալ կերպ․

- Արցախին տրամադրել 6 միլիոն դոլար ականազերծման և հաշմանդամների վերականգնման աշխատանքներն ավարտելու համար։ 4 միլիոն դոլար՝ ըստ Ռոյս - էնգելի ծրագրի խաղաղությանը նախապատրաստվելու համար, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող կրակորսիչ համակարգերի տեղակայումը։

- Հայաստանին տրամադրել 60 միլիոն դոլար՝ տնտեսական օգնության, և10 միլիոն դոլար՝ ռազմական օգնության տեսքով և 20 միլիոն դոլար Մերձավոր Արևելքից փախստականներին ապաստան տրամադրելու համար։

- Ադրբեջանին՝ դադարեցնել ԱՄՆ կողմից հատկացվող ամբողջ ռազմական օգնությունը և հետևել 907-րդ բանաձևին։

“Ազատության աջակցության մասին” ակտի 907-րդ բանաձևն ասում է․

“Այս կամ որևէ այլ ակտի համաձայն, ԱՄՆ -ն ․․․չի կարող աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ”։