ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփումները կշարունակվեն, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել, հենց Պուտինի ծննդյան օրն են զրուցել: Եղել են մի քանի բովանդակալից պահեր: Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն: Շատ բան կա քննարկելու», - ասել է նա։
Միաժամանակ Ուշակովը նշել է, որ եթե Հայաստանի վարչապետը որոշեր մասնակցել Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա նրա հետ էլ երկկողմ հանդիպում կկազմակերպվեր։
«Այստեղ մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ կապ հաստատել, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ իհարկե նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- վստահեցրել է Ուշակովը։ Նա չի պարզաբանել,թե ինչու է Փաշինյանը որոշել չմեկնելլ Բիշքեկ։
ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ Պուտինի և Ալիևի հանդիպմանը կքննարկվեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
«Օրակարգում ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված իրավունքներն ու ազատությունները, և ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է իր ներդրումն ունենալ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: «Հուսով ենք, մեր նախագահը կքննարկի նախագահ Ալիևի հետ միասին ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Ուշակովը:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։ «Եվ այստեղ կդիտարկվեն մեր զորախմբի հնարավոր հետագա օգտագործման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ սեպտեմբերին հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում», - նշել է նա։
Հոկտեմբերի 7-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հայերի բռնի վերաբնակեցումից հետո ստեղծված իրավիճակը և երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։