Բավ է պառակտվել
04-03-2022 13:05

Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հիմքեր չի տեսնում

Հայ-ռուսական հարաբերություններն այժմ բարձր մակարդակի վրա են, և հիմքեր չկան ենթադրելու, որ դրանց էությունը, բնույթն ու մակարդակը կարող են փոխվել դեպի վատը, ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ընդհակառակը, կողմերի ձգտումները, մտադրությունները և նույնիսկ այն մարտահրավերները, որոնք ծագում են աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով, վկայում են այն մասին, որ մեր դաշնակցային հարաբերություններն առավել քան երբևէ պահանջված են»,- ասել է նա Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունները կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ, դեսպանն ընդգծել է, որ երկուստեք առկա է ոչ միայն դրանք պահպանելու, այլև ամրապնդելու և էլ ավելի զարգացնելու քաղաքական կամք։

«Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ տնտեսական կապերի ակտիվ զարգացումը, որոնք այժմ նոր ձևեր են ստանում»,- ասել է նա, հիշատակելով անցյալ տարի իրականացված ռուսական կարևոր բիզնես առաքելությունները, ինչպես նաև նոր նախագծերն ու ներդրումները։

Կոպիրկինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին և Հայաստանին միավորող կապերի ամբողջ համալիրը լիովին պահպանում է իր արդիականությունը։

«Մենք մնում ենք ռազմաքաղաքական դաշնակիցներ, սա նույնպես համագործակցության շատ կարևոր ոլորտ է, և այն, իհարկե, զարգանում է։ Մենք Հայաստանի հետ միասին շատ լավ ենք աշխատում մեր ինտեգրացիոն կառույցներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, որտեղ Հայաստանն այժմ նախագահում է։ Մենք հիշում ենք տարեսկզբի իրադարձությունների ժամանակ Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ, կայունացնող գործառույթների այդ շատ ցուցանշական օրինակը»,- ​​հավելել է նա։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի արդյունքներով Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրի ամենամեծ գործընկերն է. ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին կազմել է 2,6 մլրդ դոլար՝ 2020 թվականի համեմատ աճելով 20,9 տոկոսով։