Բավ է պառակտվել
12-03-2020 14:22

Կորոնավիրուսը «չկտրեց» քարոզարշավը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի ընդհատել քարոզարշավը, ապա այն կընդհատեն։
«Այս պահին քարոզարշավը շարունակվում է։ Եթե անհրաժեշտություն լինի ընդհատել, կընդհատենք։ Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա», - ասաց վարչապետը։
Լրագրողները վարչապետից հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է, որ ավելի շատ է կորոնավիրուսով վարակվածների թիվը, քանի որ Էջմիածնում մարդկանց են մեկուսացնում։
«Էդ ինչ հարց ա ծագում, էդպիսի հարց չտաք այլևս երբեք, որովհետև կորոնավիրուսով վարակվածների թիվը եթե մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը», - ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։ «Կարող է լինել այսպիսի երևույթ՝ կարող են լինել մարդիկ, որոնք մեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող են լինել մարդիկ, որոշ հանգամանքներից ելնելով, խնդրենք, որ իրենց տանը մեկուսանան», - ասաց վարչապետը։
Այնուհետև սկսեց ելույթը ու անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ նշելով, որ այս խնդրի խորքային պատճառն այն է, որ չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ։
Նրա կարծիքով՝ եթե ունենայինք վստահելի ինստիտուտներ և համոզված լինեինք, որ հաշվառել են բոլոր փաստարկները, ռիսկերը և հնարավորությունները, այսօր կունենային հստակ պատասխան՝ խնդրի վերաբերյալ։
«Ես ուզում եմ մի ընդգծում անել հայրենակիցների համար, որոնք մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում՝ Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ եթե հեղափոխությունը չլիներ, Ամուլսարի հանքը շատ վաղուց շահագործված կլիներ։ Կոչ եմ անում չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։ Թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը՝ հեղափոխությունից հետո»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն անհամաձայնություն ունի այն հայրենակիցների հետ, որոնց մի մասը ասում է՝ պետք է փակվի հանքի շահագործումը, իսկ մյուս մասը պնդում է հակառակը։ Իր դիրքորոշումն այն է, որ պետք է գնալ ճշմարտությունը բացահայտելու ճանապարհով։

 

Նիկոլ Փաշինյան