Բավ է պառակտվել
25-04-2023 18:25

Արցախ տանող ճանապարհին անցակետը Ադրբեջանի կողմից դե ֆակտո տեղադրվել էր դեռևս դեկտեմբերին․ Իսկանդարյան

Արցախ տանող ճանապարհին անցակետը Ադրբեջանի կողմից դե ֆակտո տեղադրվել էր դեռևս դեկտեմբերին, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այդպես է կոչվել, այնտեղ կանգնածներին ինչ-որ էկզոտիկ անուններով են կոչել, և ոչ թե Ադրբեջանի զինվծառայողներ, բայց դե ֆակտո այնտեղ կանգնած մարդիկ ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից, որպեսզի ում ուզեն՝ թույլ տան անցնել, ում ուզեն՝ ոչ»,- ասել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը հայտարարել է, որ իրավիճակը ֆորմալացվել է, միաժամանակ աշխարհագրական տեղաշարժեր են եղել դեպի հայկական սահման։

«Չգիտեմ, Շուշիի մոտ կանգնած մարդկանց հետ ինչ կլինի, կհեռացվե՞ն, թե՞ այլ ձևով կշարունակեն կանգնել, բայց ամեն դեպքում սա գործընթացի շարունակությունն է»,- ասել է նա։

Իսկանդարյանը հայտարարել է, որ սա Հայաստանի և Արցախի վրա ճնշում գործադրելու ռազմավարություն է՝ հօգուտ Ադրբեջանի նոր արդյունքների հասնելու համար։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։ Երևանը և Ստեփանակերտը դատապարտել են Ադրբեջանի կողմից ՌԽԶ վերահսկողության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը և կոչ արել Մոսկվային վերացնել Բաքվի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումը։