Բավ է պառակտվել
11-01-2021 19:43

Կրեմլը հրապարակել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հայտարարության ամբողջական տեքստը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի խորհրդակցություններից հետո հայտարարություն են ստորագրել: Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիևը, ՀՀ վարչապետ Ն. Վ. Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը հայտարարում ենք հետևյալը.

2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, մասնավորապես տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրագործման նպատակով սատարում ենք Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին առաջարկին:

2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թվականի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը, առաջնահերթություն տալով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությանն, ինչպես նաև կորոշի այլ ուղղություններ, որոնք կհամաձայնեցնեն Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն , այսուհետ՝ Կողմեր:

3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու համար, Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը՝ Կողմերի իրավասու մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց թվից: Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում, կներկայացնեն նախագծերի ցանկ` հիմնավորելով անհրաժեշտ ռեսուրսները և գործողությունները դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:

4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող այն փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»: