Բավ է պառակտվել
07-11-2022 13:30

Կրեմլը Երևանին և Բաքվին կոչ է անում «ձեռնպահ մնալ իրավիճակի ապակայունացմանը տանող քայլերից»

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ շփման գծում լարվածության սրմամբ հղի քայլերից, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Իրոք, Սոչիում եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ ընդգծվում է կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը կարգավորման հասնել բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ միջոցներով, ուստի մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության սրման»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով նոր հրետակոծությունների մասին տեղեկությունները։
Երկուշաբթի Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։