Բավ է պառակտվել
05-05-2016 15:22

Կրեմլը հորդորում է խուսափել Ղարաբաղի փխրուն հրադադարի խախտմանն ուղղված քայլերից

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Ղարաբաղի հետ կապված որոշումներին։ Հայաստանի կառավարությունը մայիսի 5–ի նիստում հավանություն է տվել Արցախի ճանաչման մասին օրինագծի եզրակացությանը` ուղարկելով այն խորհրդարան

Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը, լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա չի քննարկվել Մոսկվայի հետ։ Մենք շատ ուշադիր հետևում ենք որոշումներին, որոնք ընդունվում են այս համատեքստում։ Եվ անշուշտ լիահույս ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն ինչ-որ քայլերից, որոնք կարող են խախտել բավական երերուն հրադադարը և լարվածության թեժացման հանգեցնել»,- ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի հետ քննարկվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծը։

Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծի եզրակացությանը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն  ասել է, որ հայ խորհրդարանականների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուն ուղղված նախաձեռնության կապակցությամբ խուճապի մատնվելու պատճառներ չի տեսնում, քանի որ Երևանը հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։

Հայաստանի ԱԳՆ-ն օրեր առաջ հայտարարել էր, որ Երևանը կարող է ճանաչել Ղարաբաղը, եթե Բաքուն նոր ագրեսիա սանձազերծի։