Բավ է պառակտվել
29-09-2022 17:09

ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը, հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցված անհիմն քննադատությունը օգուտ չի բերում և չի նպաստում ստուգված փոխընդունելի լուծումների որոնմանը։ Որտեղ էլ որ գտնվելիս լինեն այդ քաղաքական գործիչներն, իմ կարծիքով, այդ հայտարարություններից օգուտ չկա»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ առաքելության դիտարկման արդյունքները և առաջարկները։
«Ինչ վերաբերում է Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին այս տարի զորակազմ չուղարկելու Երևանի որաշմանը, կարծում եմ, որ այս հարցում

Հայաստանը գործում է, ելնելով երկրի և իր զինված ուժերի առաջնահերթ խնդիրներից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակն»,- ​​ասել է նա։
Զախարովան նշել է, որ կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կարելի է արդյունավետ բնութագրել։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը համընկել է հավաքական անվտանգության հատուկ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց մենք պետք է միասին հակազդենք: Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը կամրագրի այս կառույցի 20 տարվա գործունեության արդյունքները։ Կարծում եմ, որ ապագայի նոր հեռանկարներ կուրվագծվեն»,- ասել է նա։

Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հայաստանյան առաքելության աշխատանքների շրջանակում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Զասը Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքների մասին, կողմերը մանրամասն քննարկել են ՀԱԿՊ աշխատանքը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի գլխավորությամբ, ուղարկվել է Հայաստան՝ համաձայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի որոշման։ Առաքելության կազմում ընդգրկված են եղել կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակից հանդիսացող ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՀԱՊԿ առաքելությանը վերապահված է ՀՀ առանձին սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի մշտադիտարկումն ու ուսումնասիրությունը, ինչպես նաև հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկների մշակումը։ Առաքելության աշխատանքի արդյունքների հիման վրա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին զեկույց է պատրաստվում տարածաշրջանում տիրող իրավիճակի և իրավիճակի կարգավորման առաջարկների վերաբերյալ։