Բավ է պառակտվել
09-07-2021 11:12

Հայաստանի ՍԴ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը

ՀՀ սահմանադրական դատարանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:
Սահմանադրական դատարանը միավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճին։
Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ «Հայաստան» դաշինքի շահերը ներկայացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ներկայացնում է կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Անահիտ Եգոյանը, ներկայացուցիչներ՝ Արտակ Գալստյանը և Սուսաննա Սարգսյանն, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Որպես պատասխանող կողմ ներգրավվել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:
Որպես պատասխանող կողմ ներգրավված գլխավոր դատախազությունը ներկայացնում է Երևանի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, նրա տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը և ոստիկանության մասնագիտացված բաժանմունքներից մեկի պետ Կարեն Բիշարյանը, ոստիկանությունը՝ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ նախագահ Տիգրան Հակոբյանը: ՍԴ-ն որպես երրորդ կողմ է ներգրավել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ներկայացնում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի հայտի գրանցման օրվանից (հուլիսի 2-ից) ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։

Նախօրեին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան:

Ընտրությունների արդյունքները

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման արտահերթ ընտրություններ: Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն հաղթել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53,91% արդյունքով: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է 21.09%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%: