Բավ է պառակտվել
14-10-2019 19:42

ՍԴ -ը մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի վարույթի ընդունումը

Սահմանադրական դատարանը երկուշաբթի տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել մերժել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի քննումը, տեղեկացրել են ՍԴ աշխատակազմից։

“Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում”,- նշվել է հայտարարությունում։

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին “Իմ քայլը” խմբակցության նախաձեռնությանը՝ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմեցին այդ հարցով Սահմանադրական դատարան։ Ավելի վաղ, “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խորհրդարանում ներկայացրել էր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մի քանի հիմնավորում: Մասնավորապես, առաջին պատճառն այն է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահը երկար ժամանակ եղել է նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ և 2010 թվականից ի վեր զբաղեցրել է մի քանի կարևոր պաշտոն, ինչը կարող է կասկածներ հարուցել նրա անկողմնակալության առնչությամբ:

Որպես երկրորդ պատճառ պատգամավորը նշել է ՍԴ նախագահի ազգակցական կապը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից մեկի՝ Արամ Օրբելյանի հետ (Հրայր Թովմասյանը վերջինիս կնքահայրն է՝ խմբ)։ Փաստորեն, խոսքը գնում է ազգակցական կապը թաքցնելու և ինքնաբացարկ չհայտայրարելու մասին։

Երրորդ փաստարկն այն է, որ Թովմասյանն ավելի վաղ հայտարարություններ է արել և կարծիք հայտնել 2008թ․մարտի 1-ի իրադարձությունների և հետագա դատական պրոցեսների վերաբերյալ։

Եվ վերջինը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008թ․մարտի 1-2-ին Թովմասյանը զբաղեցրել է պետական պաշտոն, հարցականի տակ է դրվում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի անկողմնակալությունը Քոչարյանի գործը քննելիս։

Ըստ պատգամավորի, հաշվի առնելով այս ամենը Թովմասյանը պետք է բարձրացներ այդ գործի քննությանն իր մասնակցության հարցը նախքան գործը վարույթի ընդունելը, ինչը չի արվել։