Բավ է պառակտվել
16-09-2020 14:22

Ով կընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ․ պայքարը թեժ  է լինելու

 Հայաստանյան երկու թերթեր անդրադարձել են երեկ  ԱԺ ֊ում տեղի ունեցած ՍԴ  դատավորների քվերարկությանը ու հետագա գործընթացներին: 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես Փաշինյանը կասեր, խորհրդարանական մաստեր-կլաս ցույց տվեց՝ դրսեւորելով աննախադեպ «սկզբունքայնություն»։ Մեկ օր առաջ եւ տեւական ժամանակ հուժկու քննադատում էին նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի առաջադրումը, բայց ամենաշատ՝ 86 կողմ ձայնով նրան գործուղեցին ՍԴ։ 1 տարի առաջ Վաղարշյանին մերժած հեղափոխականները նրա թեկնածության քննարկման ժամանակ մուննաթ էին գալիս նախագահականի ներկայացուցչի վրա, թե ինչու են մերժված թեկնածուին կրկին առաջադրել, ինչու են անարգում խորհրդարանական ինստիտուտը։ Ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, ինչո՞ւ իմքայլականները գրեթե միաձայն ընտրեցին Վաղարշյանին։

 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուների վերաբերյալ եզրակացություններն էին պատճառը»,- ասել է թերթի  աղբյուրը։ «Ո՞նց կլիներ՝ խայտառակված Խունդկարյանին ընտրեինք, իսկ Վաղարշյանին, ում բարեվարքության վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել, մերժեինք։ Արդար չէր լինի»։ 

Երեկ ուշ երեկոյան «վերեւներից» ստացած զանգից հետո խմբակցությունն ընդհանուր «զրուցարանում» Վաղարշյանի օգտին քվեարկելու մասին քննարկումներ է ծավալել, ապա որոշել առավոտ շուտ խմբակցության նիստ հրավիրել։ Նիստի ընթացքում չնայած մի քանիսը դեմ են արտահայտվել, սակայն պարզել են, որ ոմանք անչափ «տպավորվել» են թեկնածուի անկեղծությամբ, ամբողջ գիշեր չեն քնել նրան մերժելու մտքից։ Դեմ են եղել նրանք, ովքեր քննարկման ժամանակ քննադատական հարցադրումներ են ներկայացրել։ Ինքը՝ Վաղարշյանը, քվեարկությունից հետո մեզ հետ զրույցում անակնկալի եկած՝ խոստովանեց․ «Փաստորեն, հրաշքներ լինում են»։ Իսկ թե ինչ է ինքն անձամբ արել այդ ուղղությամբ, վստահեցրեց․ «Ոչինչ, պատգամավորներին պիտի հարցնեք՝ ինչու մտքափոխվեցին»։

Իսկ «Ժողովուրդ» թերթն էլ գրում է․  Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ: Սակայն երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա աշխատանքի հետ: Երդվելուց հետո արդեն ՍԴ բոլոր անդամները կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: Բանն այն է, որ ի սկզբանե Վահե Գրիգորյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար էր գործուղվել Սահմանադրական դատարան, սակայն այդպես էլ նրա ծրագիրը չիրագործվեց, եւ չի բացառվում, որ այժմ նա փորձի իր ուժերը եւ ինքնաառաջադրվի»: