Բավ է պառակտվել
22-12-2021 18:29

Ո՞վ է Երևանի նոր քաղաքապետը և ի՞նչ է նա հասցրել խոստանալ

Երևանի նորանշանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արդեն հասցրել է զրուցել լրագրողների հետ ու խոստումներ տալ։

Հայկ Մարությանը չորեքշաբթի օրը մայրաքաղաքի ավագանու գաղտնի քվեարկության արդյունքում պածտոնանկ արվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նույն քվեարկությամբ նրա պաշտոնում նշանակվեց միակ թեկնածուն՝ առաջին փոխքաղաքապետ, ավագանու խորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մարությանին երեք տարի միասին աշխատելու հնարավորության համար։ Նա նշել է, որ բարեփոխումներ են սկսվել տարբեր ոլորտներում։

«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում շարունակել սկսած և ընթացիկ բարեփոխումներն՝ ի բարօրություն Երևանի։ Մենք կարձանագրենք նոր հաջողություններ, որպեսզի կարողանանք մեր Հայաստանի ամենախիտ բնակեցված համայնքի բնակիչների համար ապահովել կյանքի համար համապատասխան միջավայր»,- ասել է նա։

Հրաչյա Սարգսյանը ծնվել է 1985 թվականի փետրվարի 13-ին Երևանում։ 2001-2005 թթ. սովորել է Հայաստանի պետական ​​ճարտարագիտական ​​համալսարանում, 2009 թվականին ստացել է մագիստրոսի կոչում ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիայի «Հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտությամբ։

Աշխատել է «Աթակ» ՍՊԸ-ում որպես տեխնիկ, «ՎՏԲ Հայաստան» ՓԲԸ-ում՝ վարկային մասնագետ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ, փոքր և միջին խավի հաճախորդների վարկային ռիսկերի կառավարման բաժնի պետ, ինչպես նաև սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ։ Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2018թ. սեպտեմբերի 23-ին Սարգսյանն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։