Բավ է պառակտվել
27-04-2021 13:50

Ուրվագծվում է Ռոբերտ Քոչարյանի համամասնական ընտրացուցակի առաջին տասնյակը․ ԶԼՄ-ներ

Ըստ պարբերականների՝ ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ տեղում կլինի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հետզհետե ուրվագծվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նախընտրական ցուցակի առաջին տասնյակը, գրել է երեքշաբթի «Հրապարակը»՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ թերթի՝ ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը կզբաղեցնի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ցուցակում երրորդը պարտադիր կին պետք է լինի։ Երկար տատանումներից հետո Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն առաջին կին թեկնածուի հարցում, այդուհանդերձ, կանգնել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վրա, որը ՀՀԿ-ից անցում կատարեց դեպի քոչարյանական ճամբար։ Չորրորդ-հինգերորդ տեղում կլինեն գեներալներ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը»,- նշում է պարբերականը։

Ցուցակում երկրորդ կինը կլինի ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, հաջորդ տեղը կզբաղեցնի մեկ այլ դաշնակից կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը («Վերածնվող Հայաստան»)։

Հաջորդիվ, գրում է թերթը, կլինեն Ռ․ Քոչարյանի վաղեմի աշխատակիցներ Արմեն Գևորգյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյան։
Երկրորդ տասնյակում կլինեն «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը և այլք: