Բավ է պառակտվել
10-04-2014 18:13

Արդյոք կխախտվի՞ Սերժ Սարգսյանի՝ այլևս նախագահ չդառնալու որոշումը

 


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը չգիտի, թե ինչ է ուզում:

՛՛Աշխարհում ընդունված է, որ այս կամ այն երկրի առաջնորդը հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների փաթեթով, եթե կարծում է, որ դա երկրում կառավարման լավագույն մոդելն է: Ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀԿ-ն՝ սահմանադրական բարեփոխումների փաթեթ հրապարակելով: Մենք անբացատրելի իրականության ենք բախվել. գործող նախագահը հասարակությանն է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների փաթեթ՝ ըստ էության առաջարկելով անցում կատարել կառավարման նոր համակարգի, սակայն միաժամանակ հայտարարում է, որ կառավարման ներկայիս կիսախորհրդարանական-կիսանախագահական համակարգը համարում է ավելի լավ եւ արդյունավետ: Այդ դեպքում, ինչո՞ւ է նա կառավարման այլ մոդելի անցում կազմակերպում: Սա միանգամայն անհեթեթություն է՛՛:

Ի պատասխան այն հարցին, թե սահմանադրական բարեփոխումն ուղղված չէ արդյոք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության դեմ, որոնք ժամանակին հանդես էին գալիս խորհրդարանական կառավարման անցնելու պահանջով, Զուրաբյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումներն այդ ռեսուրսը չեն դառնա, քանի որ սկզբնապես ՀԱԿ-ն էլ էր կառավարման կիսախորհրդարանական-կիսանախագահական համակարգին անցնելու կողմնակից: ՛՛Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ նախագահը մտադիր է կառավարման մոդելը փոփոխելու ճանապարհով վերարտադրել իր իշխանությունը՛՛,-համոզված է Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, թե ինքը մտադիր չէ այլեւս մասնակցել ընտրություններին եւ չի զբաղեցնի նաեւ վարչապետի պաշտոնը, ընդդիմադիրը կարծում է, որ դա միայն հրապարակային խոստում է, որը հեշտությամբ կխախտվի, եթե աշխատանքային լայն կոլեկտիվները դիմեն նրան՝ որոշումը փոխելու համազգային խնդրանքով: