Բավ է պառակտվել
26-01-2023 19:20

Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ ապաշրջափակվի. Հայաստանում ՌԴ դեսպան

Լաչինի միջանցքը պետք է ամբողջությամբ ապաշրջափակվի, հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սա պարզապես դիրքորոշում և հայտարարություն չէ. Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորախումբը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այս խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար», - ասել է նա լրագրողներին Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։

Կոպիրկինն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները շատ ակտիվ աշխատում են աջակցելու Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության պահպանմանն, այդ թվում՝ ապահովելու մարդասիրական օգնության առաքումը, բժշկական օգնության կարիք ունեցողների տարհանումը։

Դեսպանը նշել է, որ ռուսական կողմը համագործակցում է հայ գործընկերների, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ադրբեջանական կողմի հետ՝ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, արդյո՞ք տեսնում է Արցախում ճգնաժամի կարգավորման համար միջազգային համապարփակ միջոցների անհրաժեշտություն, դիվանագետն ասել է, որ այս թեման շատ ակտիվ գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Խոսելով Ռուսաստանի կողմից համապատասխան պայմանագրերով ՌԴ-ի վրա դրված պարտավորությունների մասով կատարվող աշխատանքների մասին՝ Կոպիրկինը նշել է, որ այն շատ ինտենսիվ է և տքնաջան։

«Դրանք հեշտ չեն, քանի որ դյուրին չէ հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի»,- ընդգծել է նա։