Բավ է պառակտվել
01-04-2021 19:24

Ապրիլի 1-ին Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ կքննարկի Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի ու Ջեյխուն Բայրամովի հետ առանձնազրույցների ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ երեք երկրների ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնել է ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձնազրույցներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը»,- Զախարովայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր իր այցը Մոսկվա՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հերթական հավաքին մասնակցելու նպատակով։ Այվազյանի խոսքով, առանձին հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ չի նախատեսվում:

Պուտին-Ալիև զրույցը

Հինգշաբթի օրը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ նշելով, որ այն հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է:

Քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը, որն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն: Այս համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությունը: